կաթկթում։ Ձիու գլուխը շուռ է տալիս, կեղծ հարսնացուին էլ ետ բերում իրենցը տունը։ Ասում է.
— Սա էլ չի իմ իսկական հարսնացուն։ Դուք էլ ուրիշ աղջիկ չունե՞ք…
Հերն ասում է.
— Չէ՛, էլ ուրիշ աղջիկ չունենք։ Ճշմարիտ է, իմ առաջվա կնկա մահից հետո մի փոքրիկ աղջիկ մնաց, որ մենք Մոխրոտ ենք ասում, բայց դե նա ձեզ վայել հարսնացու չի. որտեղից որտե՜ղ…
Թագավորի տղեն ուզում է անպատճառ Մոխրոտին տեսնի։
— Չէ՛, աման,— ասում է խորթ մերը,— նա էնպես կեղտոտ է, որ վրեն մտիկ անել չի լինիլ…
Բայց թագավորի տղեն կանգնում է, թե՝ ինչ ուզում է լինի, պետք է տեսնեմ, ու ձեն է տալիս, Մոխրոտին կանչում։
Մոխրոտը, երեսն ու ձեռները շարմաղ լվացած, դուրս է գալիս, գլուխ տալիս թագավորի տղին։ Սա էլ ոսկի ոտնամանը նրան է տալիս, որ ոտին չափի։
Տեղնուտեղը նստարանի վրա նստում է, փետե կոպիտ ոտնամանները հանում, ոսկի ոտնամանը հագնում։ Էնպես է ոտին գալիս, ոնց որ հալած–թափած։ Որ ոտի է կանգնում ու ժպտալով թագավորի տղի աջքերի մեջը նայում, թագավորի տղեն հանկարծ ճանաչում. է տեսնում է՝ սա հենց էն գեղեցկուհին է, որի հետ ինքը պարում է ու որին ման է գալիս։
— Ահա,— ասում է,– վերջապես գտա իմ իսկական հարսնացուն։
Խորթ մերն ու իր աղջիկները վախից վեր են թռչում, նախանձից ու ցավից էն քաթանի պես գունատվում։ Թագավորի տղեն իր ձին հեծնում է, Մոխրոտին գավակն առնում ու թռչում դեպի իր պալատը։ Մոխրոտի մոր գերեզմանի մոտից անցնելիս ընկուզենու վրայից էն երկու ճերմակ աղունակները մնչում են.
- Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
- Էլ արյուն չի ոտից կաթում․
- Ոտնամանը ոտինն է բուն,
- Բարո՛վ տանես քո հարսնացուն։