Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/394

Այս էջը հաստատված է



ՃԵՐՄԱԿ ՕՁԸ

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն–մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է, դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսում։ Ականջ է դնում, տեսնում է՝ ճնճղուկներ են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից։

Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ելումուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։

388