Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.
— Մինչև էգուց առավոտ արևի ծագումը պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։
Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը տալու։
Միտք է անում, միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում, որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները, իրար կողքի շարել։
Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.
— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։
Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։
Գնում է, աշխարհքեաշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի