Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/40

Այս էջը հաստատված է

մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։

Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։

Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։

Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։

Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ։ Առավոտը բազարն իջան։

- Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ,- խանութի ներսից հարցրեց մի վաճառական։

- Հրամանք ես,- ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։

- Բեր ինձ տուր, ես կբռնեմ,- առաջարկեց վաճառականը։

Նրան ասում էին բազազ Արտեմ։

2

Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։

Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։

- Հինգ տարի դեռ փող չեմ տալ,- ասավ բազազը պայմանը

38