Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/402

Այս էջը հաստատված է

մի էն տեսակ սիպտակ, մաքուր, փափուկ անկողին է փռվում, որ մեջը մտնելն ու աչքը կպցնելը մեկ է լինում։

Առավոտն աչքը բաց է անում, տեսնում է՝ շորերը դարսած, պատրաստված, բյուրեղյա ամաններով վճիտ ջրերը երեսը լվանալու համար առաջը դրած։ Երեսը լվանում է, լուսամուտից ներքև նայում՝ պալատի չորս կողմը հրաշալի այգիներ, այգիների մեջ ոսկեգույն պտուղներ են հասնում, չտեսնված գեղեցիկ ծաղիկներ են ծաղկում, ու սիրտն ուզում է՝ զբոսնի էն այգիներում։ Մարմարե ու զմրուխտե սանդուղքներից ներքև է իջնում, մտնում է կանաչ այգիները։ Ճեմում է ու հիանում։ Հասուն պտուղները կախկխվել են ծառերից, երփներանգ ծաղիկները փարթամ ծաղկում ու անմահական հոտ են բուրում, զարմանահրաշ հավքերը չորս կողմը թրթռում ու դրախտական երգեր են երգում, շատրվանները զվարթ կարկաչելով վերև են ցայտում իրենց վճիտ ջրերը, ու խոխոջում են բյուրեղանման աղբյուրները։ Ման է գալիս մեր վաճառականը, զմայլում։ Մին էլ հանկարծ տեսնում է՝ մի թմբի վրա մի Կարմիր ծաղիկ է ծաղկում, մի ծաղիկ, որ մարդ իր օրումը ո՛չ տեսել է, ո՛չ լսել։ Մոտենում է, ձեռնուոտը դող են ընկնում, ասում է. «Ահա հենց էս է լինելու էն Կարմիր ծաղիկը, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ո՛չ կա, ո՛չ կճարվի։ Հենց էս ծաղիկն է լինելու, որ ուզում էր իմ փոքր աղջիկը»։

Մոտենում է, ծաղիկը պոկում։ Պոկում է թե չէ՝ փայլակը փայլատակում է, կայծակը որոտում է, երկիրը դողում ու, ոնց որ թե գետնի տակիցը դուրս գա, մինը դուրս է գալիս, վաճառականի առաջին կանգնում. գազան ասես՝ գազան չի, մարդ ասես՝ մարդ չի. մի բրդբրդոտ, զարհուրելի հրեշ, ու մռնչում է կատաղի.

— Էս ի՞նչ արիր դու։ Ի՞նչպես համարձակվեցիր՝ պոկեցիր իմ այգուց իմ սիրած, իմ նվիրական ծաղիկը։ Ես քեզ հրավիրած թանկ հյուրի նման իմ պալատն ընդունեցի, ուտեցրի, խմեցրի, քնեցրի, իսկ դու իմ լավության փոխարենը էդպե՞ս ես ետ վճարում։ Դե, հիմի իմացած եղիր, որ վերջդ հասել է։ Քո մահը ցույց պետք է տամ քեզ, որ քո աչքով տեսնես։

396