Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/404

Այս էջը հաստատված է


ա՛ռ. ով էս մատանին դնի իր աջ ճկույթը, հենց նույն վայրկյանին դուրս կգա էնտեղ, որտեղ կուզենա։ Դե գնա՛. քեզ երեք օր, երեք գիշեր ժամանակ․․․

Ի՞նչ պետք է աներ խեղճ վաճառականը։ Մտածում է, մտածում, խոսք է տալիս ու մատանին առնում։ Մատանին աջ ճկութն է դնում թե չէ՝ դուրս է գալիս իրեն տան առաջը։ Տեսնում է իր՝ գանձերով ու թանկագին ապրանքներով բեռնած քարվաններն էլ դարպասից նոր են ներս մտնում ու մնին երեք՝ առաջվանից ավել են բերում։

Աղջիկները դեմն են գալիս, վզովն են ընկնում, համբուրում են, գուրում-գուրգուրում են, բայց տեսնում են, որ իրենց հերը շատ է տխուր, սիրտը չի բացվում, ունքամեջը ետ չի գնում։ Սկսում են ամենքը մի կողմից հարցնել, թե ինչո՞ւ է տխուր․ կարողությո՞ւնն է կորցրել, թե՞ առողջությունը․ ի՞նչ է պատահել։

— Առողջությունս չեմ կորցրել,— պատասխանում է վաճառականը,— ոչ էլ կարողությունս, դեռ մեկին երեք-չորս էլ աշխատել եմ։ Իմ ցավը ուրիշ ցավ է, էսօր համբերեցեք, էգուց կպատմեմ՝ կիմանաք։

Պատվիրում է, սնդուկները ներս են բերում, հանում է մեծ աղջկա ուզած անգին քարերով շինած ոսկի ապարոշը իրեն է տալիս։ Միջնեկ աղջկա ուզած հայելին էլ իրեն է տալիս։ Փոքր աղջկա Կարմիր ծաղիկն էլ ոսկի ծաղկամանով իրեն է տալիս։

Առավոտը որ լուսանում է, մեծ աղջկանը կանչում է, ինչ որ իրեն հետ պատահել էր, պատմում է ու հարցնում, թե կհոժարի՞ գնա ապրի անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի մոտ ու իրեն ազատի չարաչար մահից։ Մեծ աղջիկը հրաժարվում է. ասում է.

— Ես ինչո՞ւ եմ գնում, ում համար Կարմիր ծաղիկը բերել ես, թո՛ղ նա գնա։

Միջնեկ աղջկանն է կանչում, նա էլ է հրաժարվում։ Փոքր աղջկանն է կանչում, ամեն բան պատմում։ Փոքր աղջիկը հոր առաջը ծունկի է գալիս, ասում է.

– Ես կգնամ, հայրի՛կ, օրհնի՛ր ու ճանապարհ դիր ինձ, ես կգնամ կապրեմ անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի հետ։

398