Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/405

Այս էջը հաստատված է

Ոնց որ դու ինձ համար Կարմիր ծաղիկը բերել ես ու ընկել փորձանքի մեջ, էնպես էլ ես պետք է ազատեմ քեզ էդ փորձանքից։

Էն օրն էլ է անց կենում, մյուս օրն էլ, վրա երեք գիշերը վաճառականը պետք է բաժանվեր աղջկանից։ Հրեշի մատանին հանում է, բերում աղջկա ճկութը դնում թե չէ՝ աղջիկն իսկույն, իր ունեցած-չունեցածն էլ հետը, անհետանում է։

Անհետանում է, մին էլ աչքը անտառի հրեշի շքեղ ապարանքումն է բաց անում, մի ոսկի մահճակալի վրա, փափուկ, մետաքսե անկողնում։ Գլուխը վեր է քաշում, տեսնում է՝ Կարմիր ծաղիկն էլ ոսկե ծաղկամանի մեջ՝ դրած կողքին։ Սիրտն ուզում է պալատը ման գա, վեր է կենում, գնում բոլոր սենյակները ման գալիս, բոլոր հրաշալիքները տեսնում, հիանում։ Հետո իր սիրած Կարմիր ծաղիկն առնում է, իջնում այգին։ Այգին է մտնում թե չէ՝ թռչունները երգում են իրենց եդեմական երգերը, ծառերը, ծաղիկներն ու թփերը քնքշորեն ճոճելով իրենց գլուխները, խոնարհում են առաջին։ Ու գնում է աղջիկը, զբոսնելիս գտնում է հենց էն թումբը, որի վրից իր հերը Կարմիր ծաղիկը պոկել էր։ Ուզում է նորից տնկի իր տեղը, բայց ինքը՝ ծաղիկը, ձեռքիցը թռչում է, կպչում իր բնին ու բացվում առաջվանից ավելի գեղեցիկ։ Էս հրաշքի վրա աղջիկը շատ է զարմանում, շատ է ուրախանում ու ետ է գալիս պալատը։

Գնում է, պալատի սենյակներում ման է գալիս, տեսնում է՝ մեկում էլ մի սեղան է բաց արած, աստծու ամեն բարին վրեն։ Մտքումն ասում է. «Անտառի հրեշը երևի ինձ վրա չարացած չի, բարի աչքով մտիկ կանի, տեր ու տիրական կլինի։ Էս մտածելու ժամանակ մին էլ էն է տեսնում՝ մարմարե ճերմակ պատի վրա հրեղեն տառերով երևացին էս խոսքերը. «Ես տեր չեմ քեզ համար, ես քո հնազանդ ծառան եմ։ Դու իմ տիրուհին ես, ինչ որ քո սիրտն ուզի, կկատարեմ ամենայն սիրով»։ Էս խոսքերը կարդում է թե չէ՝ սեղանը լցվում է ամեն տեսակի քաղցրավենիներով, շաքարեղեններով ու անուշ խմիչքներով, ու բոլորը՝ մաքուր

399