է, թե ինչո՞ւ համար է արտասուք թափում ու դարդ անում։ Աղջիկը իր երազը պատոմում է ու խնդրում, որ իրավունք տա՝ գնա իր հորն ու իր քույրերին տեսնի։
— Էլ իրավունք տալը ո՞րն է,— ասում է հրեշը,— իմ ոսկի մատանին քեզ մոտ է. դիր աջ ճկութդ ու նույն վայրկյանին դուրս կգաս քո հորանց տանը։ Բայց իմացած եղիր, եթե երեք օրեն վրա ետ չեկար, էլ ինձ չես տեսնիլ։ Կմեռնեմ, որովհետև քեզ ինձանից ավելի եմ սիրում ու առանց քեզ ապրել չեմ կարող։
Աղջիկը խոսք է տալիս, որ երեք օրից մի ժամ էլ առաջ կվերադառնա, հրաժեշտ է տալիս, մատանին աջ ճկութը դնում ու մին էլ աչքը հորանց դռանն է բաց անում։ Հորանց տանը պատմում է, թե ի՛նչ կյանք ու ապրուստ ունի անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի թագավորության մեջ։ Քույրերը որ իմանում են, թե իրենց փոքր քույրը ի՛նչ անհուն գանձ ու կարողություն ունի և թե ի՛նչ թագուհու իրավունք է բանեցնում իր տիրոջ վրա, նախանձում են։ Առաջին օրն էնպես է անց կենում, ոնց որ մի ժամ, երկրորդ օրը՝ ոնց որ մի վայրկյան, երրորդ օրն էլ մոտենում է իր վերջին։
Էս քույրերը մի չար բան են մտածում։ Մտածում են՝ էնպես անեն, որ իրենց փոքր քույրը խոստացած ժամից ուշանա, անտառի տերը բարկանա վրեն։ Բերում են, քնի դեղ են տալիս․ սրա վրա ծանր մրափ է գալիս, ու մնում է քնած։ Նշանակած ժամը որ զարկում է, սիրտը ճմլում է, մի կերպ աչքը բաց է անում, տեսնում է՝ խոստացած ժամից մի վայրկյան անց է կացել։ Ոսկի մատանին ճկութն է դնում ու իսկույն դուրս է գալիս անտառի տիրոջ ապարանքում։
Ոչ ոք չի գալիս դեմը, ոչ ոք չի հանդիպում։
Լռություն ու մեռելություն։ Ո՛չ այգիներում թռչուններն են երգում իրենց դրախտական երգերը, ո՛չ շատրվաններն են զվարթ վեր ցայտում իրենը ջրերը, ո՛չ աղբյուրներն են խոխոջում, ո՛չ էլ երաժշտությունն է հնչում մարմար պալատներում։ Սիրտը մի վատ բան է գուշակում։ Վազեվազ պտտում է ամբողջ պալատն ու այգին, կանչում է իր սիրելի ընկերին, ոչ մի կողմից ո՛չ ձեն է գալիս, ո՛չ պատասխան։