Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/41

Այս էջը հաստատված է

կապելիս։- Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի․․․

- Որտեղից գիտենա, խազեին ջան,- պատասխանեց Համբոն,- որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի․․․

- Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր․․․ Ձեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ․․․

- Չէ՜, խազեին ջան, սա գողանալ չի։ Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ։

- Հա՛, որ ձեռը հալալ է՝ մարդ կդառնա։

- Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա․ լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա․․․ Ինքն էլ աչքաբաց երեխա ա, մեր գեղական շկոլումն էլ գրաճանանչ ա էլել, գրի սևն ու սիպտակը ջոկում ա։ Ամա աղաչանքս էն ա, որ լավ մտիկ անեք, ղարիբ երեխա ա, քորփա ա․․․

Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց՝ բարձր ձենով հրամայելով՝ «Չայ բերեք, հաց բերեք սրանց համար․․․»։

3

Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։

- Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ տղա ես դուրս գալի․․․ Հենց պետք է անես, որ․․․ ես ի՞նչ գիտեմ․․․ ո՜վ տեր աստոծ․․․- մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց։

Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում։

- Ապի, սրանք բուխարի չունե՞ն։

- Չէ՛, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը․․․

- Կալ էլ չունե՞ն։

- Սրանք քաղաքացի են, գեղացի հո չեն, որ կալ կալսեն։

39