Վազում է դեպի էն թումբը, ուր բուսել ու ծաղկում էր իր Կարմիր ծաղիկը։ Ի՞նչ է տեսնում։ Անտառի տերը՝ անճոռնի հրեշը, երկու թաթերով Կարմիր ծաղիկը պինդ գրկած ու ընկած թմբի վրա։
Ասում է՝ երևի ինձ սպասել է, սպասել, ու քունը տարել է, խորը քնել։ Սկսում է զգույշ զարթեցնել, տեսնում է՝ չի լսում, ժաժ չի գալիս։ Վերցնում է բրդոտ թաթը, տեսնում է՝ անշունչ, մեռած ընկած է… Աչքերը մթնում են, ծնկները տակին ծալվում են, տեղնուտեղը չոքում է, երկու ձեռքով անճոռնի հրեշի այլանդակ գլուխը գրկում ու բարձր ձենով լաց լինում, ճչում.
— Վե՛ր կաց, զարթնի՜ր, իմ սրտակից ընկեր, ես սիրում եմ քեզ, իմ սրտով սիրածն ես դու…
Էս խոսքերն ասում է թե չէ՝ հանկարծ կայծակը ճայթում է, երկիրը շարժվում է հիմքից, հրեղեն լախտը զարկում է թմբին, ու աղջիկը ուշաթափ ընկնում է, մնում տեղնուտեղը ընկած։
Շատ է մնում, թե քիչ, էդ էլ չի իմանում, միայն որ աչքը բաց է անում, տեսնում է՝ ինքը մի պալատում, անգին քարերով զարդարած ոսկե գահի վրա նստած է, մի ջահել, գեղեցիկ երիտասարդ էլ ձեռը բռնած, կողքին կանգնած։ Երիտասարդի գլխին՝ թագավորական թագ, հագին՝ ոսկեհուռ զգեստ։ Առաջին կանգնած են հերն ու քույրերը, իսկ չորս կողմը ծունկի եկած պալատական թիկնապահները, բոլորը՝ հագած ու զուգված ոսկեզօծ և արծաթազօծ կերպաս զգեստներով։
Ու երիտասարդը դառնում է դեպի իրեն.
— Իմ աննման տիրուհի, ոնց որ իմ բարության համար դու սիրեցիր ինձ հրեշի անճոռնի կերպարանքում, այժմ էլ սիրիր մարդկային կերպարանքում, եղի՛ր իմ սրտով սիրած հարսնացուն։ Չար կախարդը իմ հանգուցյալ թագավոր հոր վրա բարկացած, ինձ գողացել էր մանուկ ժամանակից, դարձրել էր անճոռնի հրեշ ու կապանք էր դրել վրես, որ էն սոսկալի ու այլանդակ կերպարանքով ամենքին ու ամեն արարածի ատելի մնամ, մինչև որ մի գեղեցիկ աղջիկ գտնվի, որ ինձ սիրի ու ցանկանա իմ կինը լինել։ Էն ժամանակ