Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/413

Այս էջը հաստատված է

ծոցն էին հոսում, ու իրենց ջրերում ապրող հավերժահարսներից։ Սրանից հետո անտառն էր սկսում աղմկել, միայն թե ուրիշ տեսակ, քան թե սովորաբար աղմկում են անտառները, ու շատ զարմանալի պատմություններ էր անում։

Մյուսներից շատ պատմություն գիտեր մանավանդ ծառերից մինը, էն պառավ կաղնին, որի տակ թաղված էր իր հերը։ Աստղերն էլ հո, որ ցոլցլում էին երկնքում, ասես թե լցվում էին ներքև թափվելու սաստիկ տենչով, ուզում էին թափվեն ցած էն կանաչ անտառն ու էն կապուտակ գետը ու էնպես էին վառվռում ու թռվռում, կարծես թե էլ չէին կարողանում դիմանան ներքևի հրապուրանքներին։ Բայց հրեշտակները, որոնցից ամեն մինը կանգնած էր իր աստղի կողքին, շարունակ զսպում էր նրանց. «Աստղիկնե՜ր, ա՛յ աստղիկներ, էդպես խենթություն մի՛ անեք, ա՛յ աստղիկներ։ Դուք երեխա հո չե՞ք, որ էդպես գժություններ եք անում. քանի՜-քանի՜ հազար տարի է՝ ապրում եք տիեզերքում։ Ավելի լավ է՝ խաղաղ ու հանգիստ ձեր տեղը մնաք…»։

Այո՛, հրաշալի էր էն հովիտը։ Միայն թե էս ամենը տեսնում ու լսում էր մենակ Երազող Իերգը։ Իսկ գյուղում ապրող մնացած մարդիկ սովորական մարդիկ էին, մտքներովը էս տեսակ բաներ իսկի անց էլ չէին կացնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք կտրում էին անտառի հսկա ծառերից մեկնումեկը, սղոցում, ջարդում, ծղան անում ու կրակին վրա տալով ասում. «Դե՛, ա՛յ հիմի նորից կարող ենք սուրճ եփել խմել։ Գետի մեջ իրանց լվացքն էին անում, որ շատ մեծ հարմարություն էր նրանց համար։ Աստղերին նայելիս էլ, երբ որ տեսնում էին շատ են պայծառ ցոլում, ասում էին. «Էս գիշեր թունդ ցուրտ է լինելու, մեր կարտոֆիլը ցրտահար չլինի՞»։ Իերգն էլ եթե ճգնում էր նրանց բացատրի, թե բանն ինչումն է— ծիծաղում էին վրեն։

Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացաքարի վրա նստած միտք էր անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ, ու աննկատելի քնեց։ Երազում տեսավ, իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև։ Ամեն մի շղթայի ծերը ամրացած էր մի աստղից, իսկ ճոճում նստած

407