Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/414

Այս էջը հաստատված է

էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ էր ձգում Իերգին։ Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՜ր, վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան։

Իերգը քնից վեր թռավ, չորս կողմը նայեց, տեսավ քարի վրա, կողքին մի վարդի փունջ։

Մյուս օրը նորից քնեց էնտեղ, նորից նույն երազը տեսավ ու երբ որ զարթնեց, դարձյալ կողքին վարդեր էին թափած։

Էսպես շարունակ մի ամբողջ շաբաթ։ Իերգը վճռեց, որ էս երազը եթե էսպես նույնությամբ կրկնվում է, կնշանակի սրա մեջ մի ճշմարիտ բան կա։ Վճռեց, տան դուռը փակեց, բանալին գրպանը դրեց ու գնաց էն աղջկանը որոնելու։

Գնա՜ց, գնա՜ց, երկար թափառեց, շատ ման եկավ, վերջապես մի երկիր տեսավ, հեռու, ուր ամպերը հասնում էին մինչև գետին։ Աշխույժ, ուրախ առաջ գնաց ու մի քիչ ժամանակ հետո ընկավ մի մեծ անտառ։ Հանկարծ էստեղ մի հառաչանքի ձեն ընկավ ականջովը։ Վազեց էն կողմը, որտեղից լսվում էր ձենը, տեսավ ալեխառն մորուքով մի պատկառելի ծերունի՝ գետին ընկած, երկու մերկանդամ այլանդակ մարդ էլ վրեն չոքած՝ ուզում են խեղդեն։ Իերգը չորս կողմը նայեց, տեսնի՝ ինչով կարող է օգնության հասնի, մի մեծ կոճղ պոկեց, որ պոկելուն պես դարձավ ծանր տապար։ Էս տապարով էնպես ուժգին հարձակվեց չարագործների վրա, որ նրանք օգնություն կանչելով ծերունուն թողին ու փախան։ Իերգը վեր քաշեց ծերունուն, օգնեց, որ կարգի գա, ու հարցրեց, թե ինչո՞ւ էին էն տկլոր ավազակները խեղդում իրեն, ի՞նչ էին ուզում։

Եվ ծերունին պատմեց, թե՝ ես Երազների աշխարհի թագավորն եմ, սխալմունքով մի քիչ հեռացել էի իմ տերության սահմաններից, ընկել էի իմ ամենաոխերիմ թշնամու՝ Իրականության թագավորի տերությունը։ Էս բանը նկատել էր Իրականության թագավորը, իր ծառաներից երկուսին ղրկել

408