Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/415

Այս էջը հաստատված է

էր իմ դեմ, նրանք էլ, դարան մտնելով, բռնել էին ինձ, ուզում էին խեղդեին…

— Դու Իրականության թագավորին ի՞նչ վատություն ես արել, որ…— հարցրեց Իերգը։

— Ոչ մի վատություն,— պատասխանեց ծերունին,— բայց առհասարակ նա շատ ամբարիշտ բնություն ունի, իսկ ինձ ատելով ատում է։

— Բայց էն մարդիկը, որոնց նա ղրկել էր քո դեմ, տկլոր էին։

— Հա՛,— պատասխանեց Երազների թագավորը,— նրանք մորուց տկլոր են։ Էդպես է Իրականության աշխարհքի մոդան։ Էնտեղ ամենքը, նույնիսկ իրենց թագավորը, տկլոր են ման գալիս ու իսկի էլ չեն ամաչում դրանից։ Զարմանալի խալխ են։ Բայց դու, որ իմ կյանքը փրկեցիր, ուզում եմ երախտահատույց լինեմ քեզ ու ցույց տամ իմ աշխարհքը։ Երազների աշխարհքը ամենասքանչելի աշխարհքն է, իսկ երազները իմ հպատակներն են։

Ասավ Երազների թագավորն ու առաջ գնաց. Իերգը հետևեց նրան։

Երբ հասան էնտեղ, որտեղ ամպերը գետնին են առնում, թագավորը մի թփուտում ծածկած դուռը ցույց տվեց, որ՝ ով որ չիմանար, անկարելի բան էր, որ գտներ ու բաց աներ։

Թագավորը դուռը բաց արավ, իր ուղեկցին տարավ հինգ հարյուր աստիճան ներքև, մի պայծառ, լուսավորված քարանձավ, որ ձգվում էր երկար, շատ ու շատ մղոններ։ Զարմանալի գեղեցիկ էր էն քարանձավը։ Էլ ի՛նչ ասես, որ չկար էնտեղ։ Մեծ լճերի մեջ կղզիների վրա կանգնած պալատներ կային, ու կղզիները հանգիստ լողում էին վճիտ ջրերում։ Ով ուզեր էն պալատներից մեկնումեկի մեջ մտնի՝ պետք է ափին կանգներ ու կանչեր.

«Պալա՛տ, պալա՛տ, լողա՛ դեպ ինձ,
Որ հեշտ մտնեմ ես քո դըռնից»։

Ու պալատն իրան-իրան կլողար դեպի ափերը։ Կային և ուրիշ դղյակներ, որ հանդարտ օրորվում էին ամպերի վրա։ Պետք էր միայն ասել.

409