Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/417

Այս էջը հաստատված է

— Ահա էստեղ է իմ ծանոթ աղջիկը, որ ինձ երևում էր էնքան հաճախակի ու վարդեր էր բերում ինձ համար։

— Իհարկե, իհարկե էստեղ է,— պատասխանեց թագավորը։— Հենց նա ինքն է, որ կա։ Ճշմարիտ է, չէ՞, որ քեզ լավ երազ էի ղրկում։ Գրեթե ամենալավ երազը…

Ու Իերգը վազեց դեպի իր ծանոթ աղջիկը, որ ինչպես միշտ, իր ոսկե ճոճում նստած ճոճում էր։ Նա էլ, հենց սրան տեսավ թե չէ, ներքև թռավ ու վազեց գիրկն ընկավ։ Իրար ձեռից բռնած նստեցին մոտակա ոսկի աթոռին ու հրճվանքով անվերջ կրկնում էին, թե ի՜նչ լավ եղավ, որ նորից իրար պատահեցին։ Կրկնում էին ու կրկնում և կարծես միշտ նոր էին ասում։

— Դե՛, երեխե՛ք, հերիք է։ Քո տունը հեռու է, Իե՛րգ, ե՞րբ պետք է հասնես։ Էստեղ քեզ չեմ կարող թողնել, մենք քեզ համար տեղաշոր չունենք։ Դու գիտես, որ երազները չեն քնում, այլ գիշերները գնում են վերև-մարդկանց մոտ։ Դու էլ, աղջի՛կս, պատրաստվի՛ր, ժամանակն է, որ ճանապարհ ընկնես։ Ոտից գլուխ հագիր քո վարդագույն զգեստներդ ու ե՛կ, ես քեզ կասեմ, թե ո՛ւմ ես երևալու էս գիշեր ու ի՛նչ ես անելու։

Երազող Իերզը էս որ լսեց, էնպես մի տղամարդություն եկավ վրեն, որ բնավ չէր ունեցած։ Վեր կացավ ու հաստատուն ձենով էսպես կանչեց.

— Հա՛յր արքա,— ասավ,— ես էլ չեմ բաժանվելու իմ երազից, իմ թագուհուց։ Կամ ինձ պետք է թողնեք, որ մնամ էստեղ, կամ սրան պետք է թողնեք, որ մեր աշխարհքը գա ինձ հետ։ Առանց սրան էլ չեմ կարող ապրել, էնքան եմ սիրում…

Ու աչքերը լցվեցին խոշոր արցունքներով։

— Բայց, Իե՛րգ,— խոսեց Երազների թագավորը,— պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը։ Բայց վերև գնաք թե չէ՝ սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև—դեպի ինձ։ Էն ժամանակ քո երազը՝ քո

411