Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/419

Այս էջը հաստատված է

մենք չենք տեսնելու, դրանից ի՞նչ դուրս կգա,— հարցրեց Իերգը։

— Ա՛յ անխելք մարդ,— բացականչեց թագավորը,— ախր չէ՞ որ ձեզ համար աներևույթ չի լինիլ, դու ու քո թագուհին կտեսնեք։ Դուք պարզ կտեսնեք ձեր թագավորությունը և՛ պալատները՝ իրենց պարտեզներով, և՛ մարգագետինները, և՛ անտառները։ Նրանց մեջը կապրեք, կզբոսնեք, կանեք, ինչ որ քեֆներդ կտա։ Միայն ուրիշների համար կլինի աներևույթ, ուրիշները չեն տեսնիլ ձեր թագավորությունը։

Իերգը սրա վրա շատ ուրախացավ, որ իրենց գյուղացիք ո՛չ կտեսնեն, որ ինքը թագուհի ու թագավորություն ունի, ո՛չ էլ նախանձից խեթ կնայեն։ Շնորհակալություններով հրաժեշտ տվեց Երազների թագավորին, իր թագուհու հետ հինգ հարյուր աստիճան վերև բարձրացավ, նրա գլխից վեր առավ արծաթի քողը ու ձգեց ներքև։ Հետո ուզեց ստորերկրյա մուտքի դուռը ետ դնի, բայց էնքան ծանր էր, որ չկարողացավ պահի, ձեռիցը դուրս պրծավ ու մի էն տեսակ ահագին թնդյուն հանեց, կարծես միանգամից բազմաթիվ թնդանոթներ որոտացին, ու Իերգը հանկարծ ուշաթափ եղավ։ Մին էլ ուշքի եկավ, տեսավ ինքը իրենց դռան հին ջաղացաքարի վրա նստած, կողքին կանգնած իր թագուհին, միայն ոչ թե երազ, այլ մարմին առած, սովորական կին։

Իր ձեռիցը բռնած նա փաղաքշում էր իրեն ու խոսում. «Ա՛յ դու իմ ազնիվ, իմ բարի, իմ հիմար Իե՛րգ, ուրեմն էսքան ժամանակ սիրում էիր ինձ ու սի՞րտ չէիր անում ասե՜ս… վախենում էիր ինձանի՜ց…»։

Լուսինը ելավ, ու լուսափայլեց գետը, ալիքները հնչուն ծփալով զարկում էին ափերին, անտառը խուլ աղմկում էր, նրանք դեռ նստած՝ խոսում էին ու խոսում։ Հանկարծ լուսնի վրա մի սև ամպի պատառ եկավ, էս միջոցին նրանց ոտների տակ մեծ թաշկինակի պես մի բան ընկավ, ու նորից լուսինն սկսեց փայլել առաջվա պես պայծառ։ Նրանք թաշկինակը վեր առան, ուզեցին բաց անեն, բայց տեսան, որ շատ է բարակ ու անթիվ անգամ ծալած, էնպես որ երկար տևեց, մինչև բոլոր ծալքերը բաց արին։

Ետ բաց արին՝ ինչ տեսնեն․ աշխարհագրական քարտեզի

413