Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/420

Այս էջը հաստատված է

նման մի բան։ Մեջտեղից մի գետ է հոսում, գետի երկու կողմը՝ քաղաքներ, անտառներ ու լճեր։ Իսկույն գլխի ընկան, որ էս էն թագավորությունն է, որ բարի Երազների թագավորն իրենց համար ցած է գցում երկնքից։ Եվ երբ ետ նայեցին իրենց փոքրիկ տնակին, տեսան դարձել է հոյակապ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե թավշածածկ պատերով ու բարձր աշտարակներով, փիրուզե տանիքներով։ Ձեռ ձեռի տված ներս մտան ու կորան ծաղիկների մեջ, անուշահոտ բուրմունքների, երաժշտության, ուրախության ու ամեն բանի լիության մեջ։

Մյուս օրը ամբողջ գյուղը դրմբում էր, թե Երազող Իերգը վերադարձել է ու կին է բերել իրեն համար։

— Իրեն նման մի բան կլինի, էլի՜,— ասում էին չորս կողմից։

— Էսօր առավոտ անտառ էի գնում, տեսա՝ շեմքումը կանգնած էր,— մեջ մտավ մի գյուղացի։— Բանի նման չի, կա, էլի՜, մի լղար, պուճուր աղջիկ ա։ Հագինն ու վրինն էլ հո էնպես…

— Բա ի՞նչ էր լինելու։ Սա բան չունի, նա էլ սրա նման,— նկատեց մի ուրիշը։

Էսպես էին խոսում էն տխմար մարդիկ ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր։ Ոչ էլ է՜ն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել։ Եվ ի՞նչպես պետք է տեսնեին։ Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներևույթ թագավորություն էր։ Ինքը Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ, իր թագուհու հետ՝ ուրախ ու բախտավոր։