Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/421

Այս էջը հաստատված է
1910-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ



ՈՍԿԻ ԲԱՆԱԼԻՆ

Լինում է, չի լինում մի անտառում մի անտառապահ է լինում։ Էս անտառապահի կինը մի աղջիկ է բերում ու ինքն էլ մեռնում։ Խեղճ անտառապահը մնում է ցավի մեջ. էնտեղ օրը մինչև իրիկուն պետք է իր պաշտոնը կատարի, անտառը շրջի, պահի, պահպանի, էստեղ էլ տանը երեխեն է մնում մենակ, ոչ կերակրող կա, ոչ բարուրող։ Մի օր էլ գնում է անտառի խորքը, կանգնում է ու միտք անում. «Է՜հ,—ասում է,— մարդ մի անգամ մեռնի՝ պրծնի։ Մի արջ կամ մի գել դուրս գա ուտի, էս երեխի ցավիցն ազատվեմ, էլ ետ չգնամ ու տեսնեմ՝ ոնց է օրեցօր հալվում, հատնում, չոր չոփ դառնում»։

Էս մտքի մեջը՝ մին էլ էն է տեսնում՝ թափանցիկ ամպի թե մշուշի մեջ մի կին կանգնեց առաջին, մի գեղեցիկ, բարձրահասակ կին, շողշողուն աստղերից պսակը գլխին։ Կանգնում է ու ասում. «Լսի՛ր,— ասում է.— Լուսմերիկն եմ ես. ես գիտեմ՝ դու ինչ ես մտածում էս րոպեին։ Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք բան է։ Գնա, քո երեխին բեր, ինձ տուր, ես նրան կպահեմ ու կմեծացնեմ իր մոր նման ու վերջը մեծ բախտի կհասցնեմ»։

Անտառապահը լսում է բարի ոգուն, գնում է երեխեն բերում, տալիս իրեն։ Երեխին առնում է բարի ոգին, թռցնում տանում իր լուսեղեն աշխարհը։

Էնտեղ բյուրեղյա պալատներում անպակաս լիության մեջ ապրում է երեխեն, միշտ բարի ոգիներով շրջապատված ու նրանց հետ խաղալով։

Էսպես երեխեն օրեցօր լավանում է, տարեցտարի մեծանում


415