Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/425

Այս էջը հաստատված է

— Կուզե՞ս ինձ հետ իմ ամրոցը գնանք։

Էստեղ միայն թեթև գլխով է անում։

Թագավորը ձեռիցը բռնում է, նստեցնում իր ձիուն ու տանում իր տունը։ Տանում է, հրամայում, որ զարդարեն ամենալավ զգեստներով ու կատարեն, ինչ որ կհրամայի։ Եվ թեև նա չէր կարում խոսել, բայց էնքան էր գեղեցիկ, որ թագավորը շատ սիրեց ու հետն ամուսնացավ։ Մի տարեն վրա տղա են ունենում։

Մի անգամ, գիշերով, երբ նա մենակ պառկած է լինում իր ննջարանում, առաջը կանգնում է Լուսմերիկն ու ասում.

— Արի, ճշմարիտն ասա ու խոստովանիր, որ բաց ես արել արգելած դուռը, և ես բաց կանեմ քո փակ լեզուն։ Իսկ եթե կսկսես քո արածն արդարացնել ու առաջվա նման սուտ խոսել՝ էն ժամանակ նոր ծնած երեխեդ էլ կառնեմ կտանեմ հետս։

Թագուհին կարող էր խոսել ու խոստովանել, բայց համառեց ու պատասխանեց.

— Չէ՛… ես բաց չեմ արել արգելած դուռը…

Ու Լուսմերիկը նրա գրկից առնում Է երեխին ու երեխի հետ միասին անհետանում։

Առավոտը, որ ոչ մի տեղ երեխային չեն գտնում, ժողովրդի մեջ տրտունջ է բարձրանում ու տարածվում, թե թագուհին մարդակեր է, նա ինքն է սպանել ու կերել իր երեխին։ Թագուհին էս բոլորը լսում է, բայց չի կարողանում խոսի, իրեն արդարացնի։ Թագավորն էլ, որ սաստիկ սիրում էր նրան, չի հավատում էս բամբասանքին։

Մի տարուց հետո թագուհին նորից երեխա է ծնում։ Ու նորից գիշերը հայտնվում է Լուսմերիկն ու ասում.

— Խոստովանիր, որ դու ես բաց արել արգելած դուռը, ու քեզ կվերադարձնեմ քո երեխեն ու փակ լեզուդ բաց կանեմ, թե չէ, եթե համառես, էդ երկրորդ երեխեդ էլ կխլեմ կտանեմ ինձ հետ։

Թագուհին էլի ասավ․

— Չէ՛, ես բաց չեմ արել արգելած դուռը։

Լուսմերիկը երկրորդ որդին էլ է խլում ու անհետանում։

419