Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/43

Այս էջը հաստատված է
_____________

Էս ժամանակ բազազն ու իր կինը վիճում էին ներսը։ Կինը տրտնջում Էր, որ ծառան խամ էր, նոր սարիցն եկած, վայրենի, իսկ մարդն ուրախ էր, որ մի քանի տարով անվարձ ծառա էր գտել։

– Կսովորի, հո էդպես չի մնալ,– ասում էր նա կնոջը։

– Կսովորի, որդի, սիրտդ շուռ մի՛ բերի,– խնդրում էր բազազի պառավ մայրը։

Բայց տիկին Նատոն չէր համոզվում։ Նա արտասվելով անիծում էր իր բախտը։

4

Գիքորը մենակ նստած էր բազազ Արտեմի խոհանոցում։ Նա արդեն ծառայության մեջ էր։

Խազեինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը, հին ոտնամանները ոտներին, մի մավի բլուզ էլ հագին, էսպես ոտից գլուխ փոխված, նա նստած էր խոհանոցում ու միտք էր անում, թե ընչի եկավ իրենց գյուղից, որտեղ է ընկել, հիմի ինչ պետք է անի․․․

Էս ժամանակ ներս մտավ տիկին Նատոն։

Գիքորը տեղը նստած էր։

Տիկինը մի բան ասավ։ Գիքորը լավ չլսեց, թե չհասկացավ։

– Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ։

Գիքորը շփոթվեց, քրտնեց․ մին ուզեց հարցնի, թե ինչ է ասում, մին էլ սիրտ չարավ։ Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց։

– Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, որ վայրենի եք ու գալիս եք մարդի գլխի խաթա դառնում․․․ Ես բան եմ ասում, սա տեղիցն էլ ժաժ չի գալի, ձեն էլ չի հանում․․․

– Վերջացավ,– անցավ Գիքորի մտքովը։ –Բայց ի՜նչ շուտ վերջացավ․․․ ի՜նչ վատ վերջացավ․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ հերս էլ գնաց․․․

Եվ ամեն բան նա վերջացած էր համարում, երբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը, բազազի մերը։

41