Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/434

Այս էջը հաստատված է

դպրոցում ես գիշերները չեմ քնիլ, դասերս անգիր կսովորեմ, որ քեզ ավելի ուրախացնեմ․․․»[1]։

Բայց մինչև Թիֆլիս գնալու օրը կգար, Վահանը յուր հորն օգնում էր ռանչպարության մեջ։ Նա ավելի սիրում էր անասուններն արոտ տանելը՝ տավարածությունը։ Տանում էր անասուններն ազատ թողնում անտառում, ինքը մի քարի գլխի նստած կամ մի ծառի տակ պառկած անձնատուր լինում յուր ցնորքներին։

Զվարճալի էր այդ․․․ տավարածի կերպարանքը։ Նրա բարեկազմ մարմինը, որին չէր կարելի նիհար ասել, դեռ կրում էր ուսումնարանի հին պոլսուկնոյի բլուզը, նեղ անդրավարտիքի վրայից սրունքները սեղմում էին մավի պաճիճները, իսկ քիթը ծակված, պճեղները դուրս պրծած տրեխները կարծես թե դեպի վերև նայելով ծիծաղում էին գլխի խունացած շլապկի վրա։ Բայց ով էլ ծիծաղեր շլապկի վրա, կգերվեր կոզիրոկի տակից նայող աչքերին։ Այդ աչքերը տավարածի զվարթ անհոգության փոխարեն մի վիշտ ունեին, մի խելոք մտածմունք, որ հածում էր յուր շրջավայրից շատ հեռու։

Անասուններն էլ էին նկատում, որ նա իրանց մասին չէր մտածում, և արածելով հեռանում, շատ անգամ կորչում էին։ Իսկ նա այդ ժամանակ մեջքի վրա պառկած մի ծառի տակ, մտազբ<աղ> խոհուն աչքերը հառած հոյակապ երկնակամարի խորը կամ այնտեղ մխված բարձր գագաթներին, գլխի վերևը շարժվող տերևների մեղմ շրշյունի, թռչունների ծվոցի ու ծլվլոցի ձայներով թովված, արթուն երազներ էր տեսնում։

․․․ Ահա Թիֆլիսը, հի՜ն, ահագին Թիֆլիսը․․․ Դանդաղ, լայնածավալ Քուռը խաղաղ թավալվում է քաղաքի գռռոցի, հարայ հրոցի մեջ, որպես քյավթառ ծերունին, առանց ուշք դարձնելու, իրան-իրան մռմռում է աղմկող երեխաների մեջ։

Ահա հրաշալի տները․․․ քարվանսարաները․․․ ահա Ներսիսյան դպրոցը՝ հոյակապ տաճարը ուսման․․․ մանուկներ,

  1. [Սակայն հայրը չլսեց որդու խոսքերը, որովհետև նա սրտումը խոստացավ]