պատանիներ, միրուքավոր երիտասարդներ, լիքը, երգում են․․․ կարդում են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն․․․
Այս բոլորի մասին լսել էր նա․ իսկ շարունակությունը գալիս է ինքն իրան․ «Քննությունների ժամանակն է․․․ ընդարձակ դահլիճում կանգնած է մի աշակերտ բազմության առաջ... նա կրակ կտրած պատմում է ու պատասխանում... Բազմությունը հիացած է նորա վրա․․․․ Այնտեղ աղջիկներ էլ կան, սիրուն—քնքուշ աղջիկներ․․․ Նրանք հափշտակված ժպտում են նրան․․․ իսկ նա ջուր արած պատմում է ու պատասխանում, առանց կանգնելու․․․ Նա բոլոր վարժապետների սիրելի աշակերտն է՝ Վահան Լանջիկյանը։
— Ա՜խ, երբ պետք է այսօրը գա,— սթափվելով հառաչում էր տավարած Վահան Լանջիկյանը։
Բայց օրերը, շաբաթներն ու ամիսներն անցնում էին ծանր, ծանր ու միատեսակ, ծաղրելով տավարածի ցնորքներն ու համբերությունը մաշելով։ Արդեն անհամբեր էր դարձել պատանին[1]․ մի կասկած սկսել էր նրան անհանգիստ անել, և նա շուտ—շուտ հարցնում էր հորը․
— Ապի՛, բաս երբ պետք է քաղաք գնանք, է՛․․․ ինչ որ սովորել էի, էն էլ մտիցս ընկավ․ իմ ընկերները հիմի անցկացան, ես եդ եմ մնում․․․։
— Հա՛, կա՛ցի, քեզ մատաղ, կացի, մի էս գութանիցն էլ պրծնեմ․․․ Բա ես կթողնե՞մ, որ դու ընկերներիցդ եդ մնաս․․․ Մի քիչ տեղս նեղ ա, թե չէ․․․։
Խեղճ Նեսո բիձու տեղը հիրավի նեղ էր։ Նա հազիվ կարողանում էր յուր գլխի ճանճը քշել, յուր տան պակասությունը հոգալ․ մին հացն էր պակասում, մին աղը, կոռ էին քշում, բեգյար էին պահանջում, խարջ էին ուզում․․․ քաղաքն էլ խո X գյուղաքաղաքը չէր, որ Վահանին տաներ դներ մի բարեկամի մոտ ու մի քանի թաղար ալյուրով պրծներ, և, «կա՛ցի, Վահան ջան, մի քիչ էլ կացի» ասելով, Վահանը մնում էր գյուղում։
Երկու ամառ անցավ, արձակուրդներին Թիֆլիսից երկու անգամ եկավ Վահանի նախկին ընկերը՝ իրանց տերտերի
- ↑ [և]