Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/453

Այս էջը հաստատված է

— Չէ՛, հիվանդ եմ։

— Ի՞նչդ է ցավում[1]․ չլինի[2] հիվանդությունդ նորոգվել է կրկին։

— Չէ՛․ ուրիշ ցավ, ուրիշ հիվանդություն․․․

[3]Ուրի՞շ․․․ ի՞նչ․․․

— Է՛, ես ի՞նչ գիտեմ․ զզվել[4] եմ կյանքից։

— Ի՞նչ է պատահել, որ․․․

— Էլ ի՞նչ պետք է պատահի։ Մարդ մեքենա է դարձել, ո՛չ միտք կա, ո՛չ ուրախություն, ո՛չ առողջություն[5]։ Առավոտը թեյ ենք խմում, գնում գրում, գրում, գալիս՝ ճաշում, ճաշից հետո քնում, զարթնում, էլի թեյ խմում, էլի ուտում, էլի քնում[6], առավոտը զարթնում և դարձյալ նույնը, նույնը, նույնը, անմիտ, դատարկ, մաշող․․․ և անցնում են օրեր, ամիսներ, տարիներ— ո՛չ փոփոխություն կա, ո՛չ վերջ։

— Հապա ի՞նչ անենք,— հարցրեց այս նոր հիվանդության վրա զարմացած տիկինը։

— Երեխաներս շարունակ հիվանդ, սիրտներս մաշած, դեմքներս գունատ, ուտում ենք— չենք մարսում, խմում ենք— վնասում է, քնում ենք— չենք հանգստանում․․․

— Դե[7] խո մենակ մենք չենք այդպես, մենք ի՞նչ կարող ենք անել։

— Մենք ամեն բան կարող ենք անել։ Մենք կարող ենք այս կյանքը փոխել․ մենք կարող ենք այս բոլորից հեռանալ, գնալ ապրել բնության գրկում․․․— Եվ տեսնելով կնոջ շփոթությունը, խոսքը փոխեց․

— Այո, իհարկե, քեզ համար անհասկանալի է, որովհետև դու ո՛չ բնության մեջ ծնվել ու մեծացել ես, ո՛չ բնություն ես տեսել, և ո՛չ էլ գիտես, թե ի՛նչ կնշանակի բնություն․․․ Բայց հետո երբ կտեսնես, կզգաս․․․

— Ասենք, թե քո սիրած բնության գրկումն ես, ի՞նչ պետք է անես,— հարցրեց կինը[8]։

[9]Դեռ լուրջ վերաբերվիր, հետո հարցրու, թե ինչ պետք

  1. [ով գիտի]
  2. [ստամոքսդ դարձյալ խանգարվել է]
  3. [Ապա] ուրիշ ի՞նչ [կա]
  4. [զզվանք]
  5. [ոչ փոփոխություն]
  6. [էլի զարթ<նում>]
  7. [քաղաքում] [Թիֆլիսում]
  8. [հեգնորեն]
  9. [նախ և առաջ] լուրջ [եղիր]