Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/460

Այս էջը հաստատված է

էսպես կներկայացնենք, ու կազմեցին մի թուղթ, որով ինձ պետք է դիմեին, թե «ազգը գնահատելով ձեր բարձր տաղանդն ու եռանդը և երկարամյա տանջանքը գրական ասպարեզում, այսօր գալիս է պսակելու ձեր բազմավաստակ ճակատը հայրենի հովիտների ու դաշտերի, սարերի ու ձորերի ծաղիկներով և նվիրաբերում է ձեզ իր չնչին լուման, որ այսուհետև հանգստանալու հնար ունենաք երկարամյա տանջանքի փոխարեն․․․»

Այսուամենայնիվ, ես չթողեցի, ասի՝ ավելի լավ է թողնենք ազգին փողը կամավոր, բայց, այսուամենայնիվ, իմ բարեկամներն ու պարտքատերերը սկսեցին պրոպագանդ անել, որ հոբելյանը կատարվի, ու ազգը գիտենա վերջապես ըստ արժանվույն գնահատել իր տաղանդավոր զավակներին, ինչպես օտարներն են անում։ Շատ տաք էր մանավանդ իմ պարտքատերերից մեկի նամակը մի լրագրում, ուր ջերմ խոսում էր գրականության նշանակության մասին, իմ ծառայության ու տաղանդի մասին և հորդորում էր ազգին ու հասարակությանը չբավականանալ միայն ծափերով ու պսակներով, այլ հիշել, որ տաղանդն էլ մարդ է, ապրել է ուզում, և նրա կյանքը թանկ է հասարակության համար, պետք է ապահովել։

Վերջապես երեսնամյակին գլուխ եկավ իմ հոբելյանը։ Հանձնաժողով կազմեցին։ Իմ պարտքատերերից մի երկուսը։ Գանձապահ։ Վերջապես հոբելյանը գլուխ եկավ։ Իմ բարեկամներն ու պարտքատերերը նորից սրեցին իրենց գրիչներն ու դարձան հրապարակախոս— «Թող ազգը ցույց տա, որ հասել է գիտակցության․․․», «թող․․․» և այլն։ Ու սկսեցին թերթերի մեջ երևալ նվիրաբերությունները՝ գաղթականների, սովյալների ևս հետ և իմ օգտին․ Ռաշտից 75 կոպեկ և ետևից էլ ցուցակը, ապա Ասխաբադից մի խումբ համակրողներ 1 ր. 80 և այլն, մի ջերմ նամակ էլ հետը, թե ինչպես իրենք բարձր գնահատելով իմ տաղանդը և միշտ կարդալով իմ անմահ «Մեռել․․-ը» և այլն։