պատասխանեց աղեն,– մեկ տանում են, կրկին գալիս են խաբում, էլի տանում։
– Ալեքսան, սրան մի վերմակ տուր, թող գնա, լավ նայիր, որ մյուս անգամ էլ չգա։
Ալեքսանը մի վերմակ տվեց նրան։
– Շնորհակալ եմ,– վերմակը ձեռքին գլուխը խոնարհեց պանդուխտը։
– Դե լավ, գնա, մյուս անգամ էլ քեզ թե տեսել եմ, որ եկել ես վերմակ ուզել, այն ժամանակ վատ կլինի։
– Ես էլ ինչո՞ւ վերմակ կուզեմ, աղա։
– Դե լավ. գնա,– ձեռքը թափ տալով հրամայեց աղեն և դարձավ կողքի հաճախորդին.
– Պատիժներ են անիծյալները։
Վերմակը տարավ պանդուխտը։ Երբ նա մտավ սառն ու մութ ներքնահարկը, ընկերները ձայն տվին.
– Բերի՞ր, Խաչո։
– Բերի,– տխուր ձայնով պատասխանեց Խաչոն։
– Քեզի ալ[1] քֆրեցին։
– Իմալ ընենք,– հառաչեց Խաչոն, և սկսեցին խոսել[2] իրանց օգնության մասին։
Մթնեց։ Պանդուխտները պառկոտեցին։ Խաչոն էլ յուր նոր ստացած վերմակը քաշեց վրան և սկսեց նորից հիշել, թե ինչպես ստացավ։ Մի քիչ ժամանակից նրա մարմինը տաքացավ, բայց սիրտը… սիրտը…
Բարեգործական ընկերության գրադարանի անկյունում մի հասարակ սեղան[3] կար։ Նրա վրա դրած էր ջրի շիշը, բաժակը և մի մատյան։ Այդ բողոքների մատյանն էր, այնտեղ ամեն մարդ կարող էր յուր նկատողությունը գրել։ Գրադարանի հաճախորդներից մեկը գրել էր– Պանդուխտների հետ լավ չեն վարվում։ Այդ[4] ընթերցողներին չի վերաբերում,– դիմացը պատասխանել էր վարչությունը։