պատահել Արշակին[1]։ Ջրի ճանապարհին պատահեցին իրար և ժամադիր եղան իրիկունը Շողերանց դեզի քամակին։
Ամառային մի լուսնյակ գիշեր երկու երիտասարդներն եկան ժամադրության տեղը։ Նրանք զգույշ շշնջում էին[2]։
Աղջիկն աղաչում էր Արշակին, որ իբրև եղբայր, ազգական մի մարդ, իրան ազատի, հենց անի, որ իրան սիրածին տան․․․
– Ի՞նչ կտաս դրա համար․․․,– ակամա հևոցը զսպելով, հարցրեց Արշակը։
– Ի՞նչ տամ․․․ ի՞նչ ունեմ, որ ինչ տամ,– լացակումած[3] բացականչեց թշվառ աղջիկը։
– Օ՜, որ ուզենաս․․․
– Ի՞նչ․․․ ինչ ես ուզում, դե դու ասա։
– Ասե՞մ։
– Հա՛։
– Ասե՞մ,– կրկնում էր Արշակը և քնքշալով ձեռքը մոտեցնում աղջկա ձեռքերին։
– Դե՛ ասա էլի,― անհամբերությամբ հարցնում էր աղջիկը։
– Ասե՞մ,
― Դե ասում եմ, ասա էլի․․․
― Որ տաս ոչ․․․
– Արշակ, հոգիս ուզես, հոգիս էլ կտամ, միայն հենց ըլի, որ էդ բանը գլովս բերես․․․ Ես քեզ ասում եմ, ասա, վախիլ մի․․․
– Դե կաց ասեմ,– և սիրտ անելով ու ավելի մոտենալով, ձայնն ավելի մեղմացնելով, համարյա շշնջալով, նա անպատկառ առաջարկություն արավ Շողերին։
Շողերը մի սարսափ զգաց, ականջները տժժացին, և քիչ էր մնում ընկներ։
Արշակն էլ վախից, թե ամոթից, չգիտեմ զղջաց, թե սպասում էր․․․