Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/497

Այս էջը հաստատված է

վիշտը ավելի մեծանում էր, նկատելի էր դառնում, և ես բռնում էի նրան, կարծես թե հասկանում էի, թեև մութն ու անորոշ[1]– գուցե իմ արյունով՝ նրա հոգու և զգացմունքի այն մասը, որ նա տվել էր ինձ։ Այդ ժամերը մեր տան երեկոներն էին։ Նա աշխատանքից վերադառնալուց, շուտով ընթրելուց հետո[2], տնային սովորական, առօրյա հոգսերից, խոսակցությունից հետո յուր գլխավերևից ներքև էր բերում սազն, ու թինկը տալիս։ Այդ ժամանակ նա բոլորովին փոխվում էր– փոխվում էր մեր ամբողջ տունը։ Նա ածում էր ու երբեմն երգում։ Ածում էր արևելյան թախծալի, հառաչող, խո՜ր հառաչող եղանակներ ու երգում խոր ընկած, կոտրված ձայնով։ Մենք ցամաքած լսում էինք, բայց ավելի նայում էինք։ Նայում էինք նրա դեմքին։ Տխուր բոցով այրվող աչքերը նայում էին հեռո՜ւ, հեռո՜ւ, մեզանից դենը, պատից դենը, մեր աշխարհքից դենը․․․ և հառաչող առաձգական ձայնը գնում էր նրա ետևից[3]․․․

Իմ հոգին էլ նրան էր հետևում, և ինձ թվում էր, թե հասկանում էր նրա վիշտը[4]։

Բայց ես[5] իմ պարտականությունն ունեմ։

Մի ժամանակ կառավարությունից երկրաչափ եկավ մեր կողմերը՝ մասնավոր մարդկանց ու արքունական հողերի սահմանները որոշելու։ Մինչև այդ ժամանակ որոշ չէին սահմանները։ Մասնավոր կալվածատերերը հրավիրվեցան՝ ցույց տալու իրանց կալվածների սահմանները և ապացուցելու իրանց կալվածատիրական[6] իրավունքները։ Իմ հայրն էլ կանչվեց։

Այդ ժամանակ ես ուսանում էի քաղաքում։ Հեռու էի այն բոլոր դավերից ու շփոթություններից, որոնց մեջ ընկել էր մեր տունը։ Նրանք ինձ գրում էին, տեղեկություններ էին տալիս, թե ինչ նեղությունների մեջ են ընկել[7], խնդրում էին, որ մի բան իմացող մարդու հարցնեմ, թե ի՛նչ անեն, ինչպե՛ս վարվեն, իսկ ես․․․ կարդում էի հայտնի ուղղությամբ,

  1. [բայց]
  2. [թիկն էր տալիս]
  3. հետևում էր նրան
  4. [Դե վերջապես նա ինձ էր կտակում իր [այն վիշտը]
  5. [ուրիշ բան եմ պատմելու]
  6. [տերու<նական>]
  7. [հարցնում էին]