Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/52

Այս էջը հաստատված է

– Ա՛յ տղա, իսկի ճանաչեցի ոչ, էս ի՛նչ բան էր,– զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին.

– Բաղո, դու կճանաչեի՞ր․․․

– Ես աչքերիցը կճանաչեի,– պարծեցավ ընկերը։

Ճշմարիտ որ Գիքորը շատ էր փոխվել, շատ էր մաշվել։ Ինքն էլ էր փոխվել, շորերն էլ։ Դժար էր ճանաչելը։

– Ա՛յ տղա, էս կարգին մարդ ա դառել․․․ հալա սրա շորերին, սրա շնորհքին․․․– հիանում էին գյուղացիները։

– Համբոյի հողը մեր գլխին, տես, նա իր տղին ո՛րտեղ հասցրեց, մեր տղերքը էնտեղ խոզ են արածացնում․․․

Այնինչ Գիքորը իրար ետևից հարցնում էր.

– Իմ մերը ո՞նց ա․․․ մեր երեխեքը ո՞նց են․․․ իմ հերն ընչի՞ չեկավ․․․ մեր կովը ծնել ա, թե՛ չէ․․․ մեր գեղումն ո՞վ ա մեռել․․․

– Ամենն էլ լավ են, շատ բարով կանեն,– պատասխանեցին գյուղացիք։– Էն ա Սուքնանց Ղուկասը մեռավ, մին էլ Պուճուրանց պառավը, մնացածը լավ են։

– Բա իմ հերն ընչի՞ չի գալի։

– Քու հերը լավ ուզում ա, ամա ո՞նց գա։ Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն․․․

– Բա բան չեն ղարգե՞լ․․․

– Ինչ ունեն, որ ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես ո՞չ։ Էս տարի էլ հացը բարակ էր, խեղճ հերդ զոռով ծերը ծերին ա հասցնում։ Նրանից ի՞նչ ես ուզում։ Թե ունիս, դու ղարգի․ հրեն խարջ են ուզում– ձեռին գռոշ չունի։

– Հո մեր տանիցը օքմի չի՞ հիվանդացել։

– Չէ՛, էն ա ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ, սատկեց։

– Ծաղիկը սատկե՞ց․․․

– Խեղճ մերդ էնքան լաց էլավ՝ աչքերն ուռան։

Էս ասելով գյուղացիներից մինը մի նամակ հանեց տվավ Գիքորին ու ասավ.

– Հիմի ի՞նչ ես ասում․ մենք էլ քեզ տեսնիլ չենք, գնալու ենք․ թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք։

50