Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/53

Այս էջը հաստատված է

 – Ո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում․․․ ամա․․․

– Ամա ի՞նչ․․․

– Ուզում եմ՝ ես էլ գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ․․․

– Վա՜, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես․․․ Էդ տեսակ բան կասե՞ն։ Էստեղ քեզ համար աղավարի ապրում ես– շորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ․․․ Մենք ասում ենք մեր երեխանցն էլ տեղ անես՝ բերենք, դու էդ ի՞նչ ես ասում։ Էն որ ասել են՝ «Խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել։

Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին։

Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը։

«Իմ սիրելի որդի Գիքոր ջան։

Ի քաղաքն Թիֆլիս։

Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն։ Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն։ Մեր սիրելի որդի Գիքոր․ ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա, և խարջը սաստիկ ուզում են, և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են, և տեղներս շատ նեղ ա։ Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»։

Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար։ Սիրտը էրում էին նամակի տողերը։

– Նանն ու Զանին տկլոր են․․․ Տեղներս նեղ ա․․․

– Կանչի, է՛, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց․․․– ձեն տվին ներսից։

– Է՛ստի համեցե՛ք, է՛ստի համեցե՛ք,– կանչում էր Գիքորը խանութի դռանը կանգնած։

51