ձեր կյանքը, ձեր գույքը ոչ մի պատիժ չի կարող, սակայն...
Դե հիմա ի՞նչ անենք, դու հիմի ասա, հիմի խո չենք կարող էդ գողին ուսումնարան ղարկենք, որ սովորեցնեն, թե Ս<իմոն> բիձու ճանճը չկրակի, կրակել ա, պրծել, էս մարդն էլ խեղճ մնացել ա նստած, հիմի ո՞նց անենք։
– Հիմի եթե գողը հայտնի է, պետք է հանձնեք արդարադատության ձեռքը, պետք է պատժեք։
– Ըհը՛, ողորմի հորդ։
– Մենք էլ քեզ նրա համար ենք կանչել, որ մեր միջի հասկացողը դու ես, մեզ օգնես։
– [1]Ի՞նչ կարող եմ անել։
– Դու ես կարող[2], բա մե՞նք ենք կարող, մի թուղթ շինենք, որ էսպես էսպես գող ու ավազակ կա մեր միջին, ամեն բան կարգին գրենք, մի խոսքով․․․
– Շատ լավ, ինչու չէ, կարող եմ։
– Դե նստի։ Ա՛յ տղա, թուղթ, թանաք, մութաքեն բերեք դրեք տակին, ճրագը մոտ բերեք։
(Նստեցնում են, ամեն բան տալի)։
– Միայն, վարժ<ապետ> ջան, հենց գրել պտես, որ էն ա ինչ գան կապեն ու տանեն, էն ա ինչ հուր հավիտենական գնա․․․
– Վա՜հ, սրա գրիչը քարին դնես, քարը կճաքի։
– Սրա ձեռքը թագավորին ա հասել։
– Էլ օխտը կլասն <ավարտել ա>։
– Բայց ո՞վ է գողը։ (Գրում է վերևի թիվը՝ Մայիսի 25-ին և այլն)։
– Կասենք, դու հլա գրի։
– Դե պետք է ասեք, որ անունը պետք է գրեմ չէ՞։
– Ա՛յ տղա, թաքուն հո չի, ասիլ պտես, ասա էլի, մարդը գրում ա։
– Գողը, գրի, որ Բաղդասար Վարդանովն ա։
ՎԱՐԺ<ԱՊԵՏ>.– Բաղղասար Վարդանո՜վ․․․ (Մնում ապշած նայելիս)։ Բաղո՜ն․․․