Բայց ես երդվում եմ, որ նա չի արել։
Ինչու եք ձեր արդարադատության աչքը փակել[1], բաց արեք, նայեցեք այս հրեշներին, եթե ձեր ականջները չեն կարողանում որոշել այս կեղծ հառաչանքը, ազատեցեք ձեր խիղճն ու բանականությունը այս հրեշների երդումների կապանքից, ազատեցեք թշվառներին, տկարներին այս հրեշների երդումներից։
Դուք[2] հավատում եք նրա երդումին, նրա երդումով է առաջնորդվում կույր արդարադատությունը։
Ու նրա երդումով բանտերում տառապում են շատ անմեղներ, Սիբիրի սառնամանիքներում հեծում[3]։ Գյուղերում ազատ վխտում են ոճրագործներն ու մարդասպանները, նա աստված չունի երկնքում, խիղճ չունի իր սրտում, ամոթ չունի իր երեսին։
Նա, փաթաթված իր թանձր խավարի մեջ, խմում է հանցավորի արաղն ու բարբաջում իր սուտ երդումը[4], հանգիստ և ապահով, որ վրեժխնդիր չկա, տեսնող չկա, պատիժ չկա և ահա նրա երդումով <...>։
Երբ որ խոսք է ընկնում գյուղացոց, Սուրենը կանչում է խոհանոցից Գաբոյին.
– Արի, բիձա ջան, արի էստեղ,– (տանում են նստեցնում դիվանի մեջտեղը)։
– էստեղ էլ ա լավ, ձեզ մատաղ, էստեղ կնստեմ։
– Չէ, արի էստեղ,– (զոռով դիվանի մեջն են տանում)։
ՍՈւՐԵՆ.– Ահա ձեր առաջ, պարոններ, կենդանի, տառապող ժողովուրդը։ Աղքատ մարդը թող է արել իր տունը, գործը, վեր կացել եկել, որ գանգատվի իշխանությանը, թե ինչպես մի կուլակ իրան նեղացնում է[5]։
ԳՅՈՒՂԱՑԻՆ.– էլ ասում ես, ինչ անեմ, ձեզ մատաղ։ Այստեղ էլ դուք գիտեք, ինչ են դիվանատները։ Ինչ կարող է անել սրա նման մի - աղքատ- այսօր արի, էգուց արի։