Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/573

Այս էջը հաստատված է

առնում։ Գուցե դրանից է, որ մեր նախորդներին խելոք ենք համարում։

Այն անհիշելի ժամանակներն էլ հենց աշխարհ եկավ խիղճը։

Նա ծնվեց խաղաղ մի գիշերով, երբ ամեն բան մտածում է։

Մտածում է գետակը՝ փայլելով լուսնի լույսի տակ, մտածում է եղեգնը, մտածում է խոտը, մտածում է երկինքը։

Նրա համար էլ այնպես խաղաղ է լինում։

Ցերեկը ամենն աղմկում ու ապրում են, իսկ գիշերը՝ լռում ու մտածում։

Ամեն հարսնուկ մտածում է, թե ինչ նախշուն թևիկներով (разводить) թիթեռ (бабочка) բաց թողնի։

Բույսը գիշերը ծաղիկ է մտածում, սոխակը՝ երգ, իսկ աստղերը՝ ապագան։

Հենց այսպիսի մի գիշեր էլ, երբ ամեն բան մտածում էր, ծնավ խիղճը։ Նա ծնավ գեղեցկուհու կերպարանքով, գիշերային թռչունների նման մեծ-մեծ աչքերով։ Լուսնի լույսը նրա դեմքը զարդարեց իր դալուկով, իսկ աստղերը հուր վառեցին նրա աչքերի խորության մեջ։

Գնաց խիղճը աշխարհքը շրջելու։

Ապրում էր կես լավ, կես վատ։

Ապրում էր, ինչպես բուն։ Ցերեկով ոչ ոք չէր ուզում խոսել նրա հետ։ Ցերեկով ոչ ոք դրա համար ժամանակ չուներ։


<ՏՈՒԺԵՑԻՆՔ–ՉԽՐԱՏՎԵՑԻՆՔ>

Տուժեցինք— չխրատվեցինք, տանջվեցինք— չզգացինք, պնդացրինք մեր երեսն ավելի քան վեմ և չուզեցինք դառնալ։

Եվ ահա կոխեցիր քո բարկությունը Երուսաղեմի վրա. մեզ ցավ ջամբեցիր ու խմացրիր դառնության ջուր. ցրվեցիր, որպես հողմակոծ խռիվ անապատում։

Դու արդար ես, տեր…