Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/574

Այս էջը հաստատված է

 Ահա այրվում է Երուսաղեմը, և օրհնում եմ քեզ նորա բոցերից․․․

Ո՜հ, դո՛ւ Իսրայել, գերի թափառական. քո գույժը հասավ հեռու ազգերին, քո աղաղակով երկիրը լցվեց, և չի վերջացել ցավդ տակավին։

Գիշեր ու ցերեկ կգնաս ծառայելու օտար աստվածների, և քեզ ողորմություն չեն անիլ։

Կգնա՜ս, կգնա՜ս, ոտներդ կհոգնեն, և չես հանգստանալ։

Ավեր կդառնան քո շեներն ու քաղաքները. գազանները կապրեն այնտեղ, համբարուները կհանգչեն պարտեզներում, դևերը կպարեն սրահներում, հուշկապարիկները ձայն կտան միմյանց, և ոզնին ձագ[1] կհանի ապարանքներում։

Ո՜հ, քո ճանապարհներդ հասցրին քեզ այդտեղ։ Քանի ասացի՝ չլսեցիր, քանի կանչեցի՝ չիմացար, քանի հանդիմանեցի՝ չզգաստացար։

Մի՞թե որ գլորի, էլ չի բարձրանալ, մի՞թե որ շեղվի՝ չի դառնալ կրկին։

Ինչու դու այդպես <1 անընթ.> եղար, մոլորվեցիր <1 անընթ.> լիրբ մոլորությամբ և չուզեցիր դառնալ։

Վաղ առավոտյան գնացի՝ խոսացի քո ժողովրդի հետ. նրանք ծիծաղեցին ինձ վրա և սիրեցին սուտը, անառակությունը, կաշառքը, դավն ու դավաճանությունը։

Ասացի՝ թերևս աղքատ են սրանք, չեն կարողանում պահել և կատարել աստծո օրենքները։ Գնացի հարուստների մոտ, և նրանք ևս առավել քարասիրտ, ագահ[2] ու անիրավ․․․

Եվ ահա՝ հասավ օրը։

Դե ձեր գարշելի արծաթն ու ոսկին, որ խնայեցիք հայրենիքին[3], պահեցիք շռայլության ու պոռնիկների համար, այժմ հանեցեք՝ երկրի ծերպերում ու խոռոչներում թաքցնելու համար․․․

Սիոնի դստերք, որ այնպես հպարտ ճեմում էիք բարձրիպարանոց և հոնքերով ակնարկում, քարշ էիք տալիս ձեր ստորոտները և ոտքերով կաքավում, ո՞ւր են ձեր զարդերն ու պատմուճանները, ձեր հյուսերը, ծամկալներն ու պսակակալները,

  1. [ձագեր]
  2. [և]
  3. [և]