Ու հետն էլ ավելի էր ծաղրում, վրեն ծիծաղում։
Լավ կլիներ, թե բանը սրանով վերջանար։ Կաղը ուշադրություն չէր դարձնում քրոջ ծաղրին, կարծես իրեն չէր վերաբերում։ Բայց ավելի վատն էն էր, որ քույրը նրա <հետ> շատ վատ էր վարվում, էնպես էր հրամայում, կարծես թե իր աղախինը լիներ։
– Կաղլի՛կ, էս արա, Կաղլի՛կ, էն արա, Կաղլի՛կ, դեսը, Կաղլի՛կ, դենը․․․
Խեղճին ո՛չ հանգստություն էր տալիս, ո՛չ շունչ քաշելու ժամանակ, իսկ ինքը նստում էր ձեռները ծալում, որ կոշտ աշխատանքից չփչանային, և հայելուն էր նայում կամ լուսամուտից դուրս էր մտիկ տալիս։
Տատը շուտ–շուտ վրեն բարկանում էր.
– Էդ ո՞ւմ ես մտիկ տալի լուսամուտից։
– Թագավորի տղին։
Որտեղից էր, որտեղից չէր՝ մի պառավի խելքին քամի է փչում, թե ես արջի միս պետք է ուտեմ։ Ձութ[1] է դառնում, մարդու օձիքից կպչում (մախաթ է դառնում և այլն), թե որտեղից որ է՝ ինձ համար արջի միս պետք է ստեղծես։
Մարդն ասում է.
– Ես ո՞րտեղից արջի միս գտնեմ քեզ համար. ես որսկա՞ն եմ, ի՞նչ եմ։ Ո՛չ հրացան ունեմ, ո՛չ շուն, ո՛չ մզրախ[2]։ Կացինը վեր ունեմ, գնամ արջի վրա– էդ էլ հո ինձ կուտի։
Իսկ պառավը հենց իրանն է ասում.
– Քեզ ասում եմ՝ գնա արջի միս բեր. էն լավ կլինի՞, որ կրակխառնիչ[3] գլուխդ ջարդեմ (ճղեմ)։
Սրա հետ ի՞նչ անես։ Խեղճ մարդը[4] վեր է կենում, կացինը գոտիկը խրում, գնում անտառը։
Գնում է գնում, ման է գալիս ման, մին էլ նայում է, տեսնում, ըհը՛, մի ծառի տակ մի ահագին արջ քնած. ոտները էն կողմն է մեկնել ու անտառովը մին խռմփացնում է։