Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/58

Այս էջը հաստատված է

 — Սըվազ…

— Պա՛հ, քու տունը չքանդվի…— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։

— Էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր իր հարցուփորձը Ուհանես բիձեն։

— Երեք ամսվա։

— Պա հո՜…— միաբերան զարմացան ամենքը։

— Համեցեք, ղարիբ ախպեր, նստի, հաց բերեն, հաց անուշ արա։

— Չէ՛, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա՝ գնամ։

— Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ-գլուխ լցրեք։

Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ։

— Ի՞նչ արժե…

— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։

— Չէ, առաջ մի գինն իմանանք։

— Դեռ ածա, հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դարտակելը հեշտ ա։

Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։

— Դե հիմի ի՞նչ տամ,— հարցրեց ուստեն՝ ծոցից քսակը հանելով։

— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա…— ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։

Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց։

Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի.

— Էն օրը մինն եկել ա, թե՝ մածոն եմ ուզում։ Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե՝ ի՞նչ արժե…

— Ասում եմ՝ ի՞նչը…

Թե՝ մածոնը…

56