Վեր են կենում, միասին գնում են քաղաքը ման գալու։ Օրը շոգ է լինում։ Մի քիչ որ անց են կենում, շունն ասում է.
— Ես հոգնեցի, ուզում եմ մի քիչ հանգստանամ։
Ասում է, ճամփին մեկնվում, քնում։ Էդ միջոցին դուրս է գալիս մի մարդ, որ կառքով՝ երեք ձի լծած՝ երկու տակառ գինի է տանում։ Ծիտը տեսնում է, որ էս կառապանը չի ուզում ճամփու մի կողմը ծռվի, ուղղակի քշում է քնած շան վրա, ճչում է.
— Էն կողմը քշիր, ա՛յ կառապան, թե չէ հետո քեզ կհասնի, հա՜․․․
— Քեզանից պետք է ինձ հասնի՞․․․ <․․․>
Ավանդությունն ասում է, թե մի ժամանակ էն հովիտը, ուր շինած է այսօրվան Գորի քաղաքը, ծածկված էր ջրով։ Մեջտեղը միայն, որպես կղզի, դուրս էր ցցված ժայռեղեն սարի գլուխը։
Եվ ահա մի անգամ այդ կողմերը որսի դուրս եկավ Թամար թագուհին։ Թամար թագուհին շատ էր սիրում բազեի որսը։ Ու բաց թողեց իր սիրած բազեն[1] մի աղավնու ետևից։ Աղավնին ճախրեց օդի մեջ ու սլացավ դեպի կղզին, թագուհու բազեն՝ նրա ետևից։ Կորավ աղավնին։ Իսկ բազեն նստեց կղզու ժայռի վրա ու մնաց։ Ձայն տվավ, կանչեց թագուհին, ինչ արավ-չարավ, բազեն մնաց նստած էն ժայռին։
— Ո՞վ կբերի իմ բազեն[2]․․․
Ոչ ոք ձայն չհանեց։
Բոլորը լուռ են ու ահով չափում են[3] ծփուն ջրերի տարածությունը։
— Մի՞թե մինը չկա ձեր մեջ, որ ետ բերի իմ բազեն,– կրկնեց թագուհին։