Առաջ եկավ մի ջահել ասպետ, որ երկար ժամանակ սիրում էր Թամարին։
— Ես կբերեմ,— ասավ նա ու իջավ[1] իր ձիուց։
Սարսափը պատեց ամենքին։
— Մի՞թե այժմ էլ չի սիրիլ սրան Թամարը,— մտածում են [ամենքը]։
Ահա լողում է սիրահար ասպետը[2] ջրային կապույտ տարածության մեջ․․․ հասավ[3]․․․ բարձրացավ էն սեպ ժայռի գլուխը, բռնեց թագուհու ձեռնասուն բազեն[4] ու կրկին ջուրը մտավ։ Գալիս է, մի ձեռքով բարձր բռնած բազեն, մյուս ձեռքով կռվելով ալիքների հետ։ Ամենքը հիացած նայում են ափից ու շշնջում.
— Այժմ[5] էլ չի մերժիլ Թամարը[6], այժմ կամուսնանա նրա հետ։
Հիացած նայում է և ջահել թագուհին[7] ու մտածում.
— Ո՛վ աստված, գալիս է նա․․․ Այժմ ի՞նչ պատասխանեմ նրա սերին[8]․․․ ո՛վ աստված, ի՞նչ արի ե՜ս․․․ երանի չէի ուղարկել․․․ երանի ետ չբերի․․․ երանի ինձ չհասնի․․․
Ջրերի ափին կանգնած[9] տանջվում ու այսպես աղոթում էր թագուհին և ահա․․․ ձեռքե՞րը հոգնեցին, ալիքնե՞րը սաստկացան[10], թե՞ թագուհու աղոթքն էր[11]՝ դժբախտ ասպետը բռնվեց տագնապով[12], մի քանի օրհասական[13] [շարժումներ] արավ ջրերի մեջ, բազեն թռավ, իսկ ինքը սուզվեց ջրերի տակը․․․
Քարացած կանգնած են ափին ասպետները, նայում են Թամար թագուհուն ու միտք են անում.
— Այժմ ի՞նչ կանի նա[14]․․․
Քարացած կանգնած է և Թամար թագուհին, նայում է ջրերի տարածության մեջ ու միտք է անում.
- ↑ [մտավ]
- ↑ [նա]
- ↑ հասավ․․․[բռնեց]
- ↑ [սիրելի բազեին]
- ↑ այժմ [անպատճառ]
- ↑ [նրան]Թամարը [գեղեցիկ Թամարա] թագուհին
- ↑ [գեղեցիկ Թամար] թագուհին
- ↑ նրա սերին, [ինչ ասեմ, եթե առաջարկ անի ամուսնության]
- ↑ [Այսպես մտա<ծում>]
- ↑ [արդյոք] ալիքնե՞րը սաստկացան, [արդյոք] ձեռքե՞րը հոգնեցին
- ↑ Աղոթքը [լսեց աստված]
- ↑ [հերոսը] [երիտասարդը] բռնվեց [օրհասական] տագնապով
- ↑ [տագնապալի]
- ↑ [Թամար թագուհին]