Այս էջը հաստատված է
— Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ՝ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի…
— Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք… էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞… էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ… էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել… էդ ո՞ւր կերթա,— մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։
— Որ գա՝ մին էլ տուր…— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։
— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։
— Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա՝ չափի տուր, կասես ես նրանց համար եմ աշխատել… Ով գալիս ա՝ բարով, հազար բարի, բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի…
Ու սկսեցին վիճել։ Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ։
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…— ձորերում սուլում էր երկաթուղին։
Նոր էր մտել նա մեր ձորերը։