Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/60

Այս էջը հաստատված է
ԵՂՋԵՐՈՒԻ ՄԱՀԸ

Անտառը հառաչանքով լիքն էր։

Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…

Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։

Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց

58