Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/605

Այս էջը հաստատված է

գյուղացիներից մեկը,— մինչև հիմի ե՛ս էի ձիովս հավ ու ձու քաղաք տանում ու տուն պահում, հիմի հրամանք ես, ի՞նչ անեմ։

— Ի՞նչ կա որ,— պատասխանեցի,— հիմի՛ էլ տար։ Հիմի նույնիսկ մոտ է՝ էլ հեռուն չես տանի, կայարանում կծախես։

— Ո՞նց թե՝ չես տանի։ Ախր, ինձնից բացի քավոր Ղուկասն էլ է տանում, Թաթոսն էլ է տանում, Մաթոսն էլ...

— Ավելի լավ,— շարունակեցի,— առաջ ձիուց օգտվելով՝ մինն էր ձու տանում քաղաք ծախելու, հիմի՝ ամենքը կծախեն։

— Ասելը հեշտ ա, լա՛վ ես ասում,— առարկեց հակառակորդս,— դե լսի, թե ի՞նչ եմ ասում։ Իմ հարևան Արթինը քեզ օրինակ, մի կով ու հինգ հավ ունի, էնպես որ հիմի նա համ կաթ ա ծախում, համ ձու, հալա ասում են, կաթին էլ շուր ա խառնում։ Իսկ տանը հիվանդ հերը, աչքերը օճորքին չռած, սպասում ա ու սպասում։ Արթինն էլ տանեցոց գարեհացով ա կերակրում, իսկ ցորենը ճամփի աշխատողներին ա ծախում։ Դե գնա՛ ու իմացի՛։

Չհասցրի պատասխան տալ, երբ մեր խոսակցությանը երրորդը խառնվեց։

— Ես էն կասեմ, ախպրտի՛ք, որ հենց էդ մաշինեն գա ու ծղրտա, մեր սարերում ոչ որս կմնա, ո՛չ գազան, ամենքը կփախչեն էդ ծղըր՛տոցից…

— Մենակ որսն ու գազանը չի, ես էլ կկորեմ— արձագանքեց վիթխարի չոբանը,— Աստված վկա,— շարունակեց նա,— հենց որ ժայռի ծերից ներքև եմ նայում, ու էս կարմիր կտուրներով տներն աչքիս են ընկնում՝ սիրտս մեկանց թուլանում ա։ Հենց որ տեսնում եմ, որ էս ժայռերը շուռ են տալի կամ ջարդում են՝ ոնց որ հրեանները Քրիստոսին չարչարելիս ըլեն։

— էդ ի՞ նչ ասելու բան ա, իհարկե, վատ կըլի,— հոգոց հանելով արձագանքեցին չորս կողմից։

էդ Ժամանակ գծի վրա աշխատողներից մեկը ձորից դուրս եկավ ու մոտեցավ մեզ։ Բարի իրիկուն մաղթելով՝ նա դիմեց բոլորիս.

— Ձեզանից ո՛վ ինձ մի չափ ալյուր կծախի։

— Որտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։

— Օսմանլվի հողիցն եմ։

— Ուհանե՛ս բիձա, Ուհանե՛ս բիձա։ Հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցնա,—հետաքրքրվեց մի գյուղացի։

— Քու քաղաքի անունը, օրինակի համա՛ր, ի՞նչ ա,— հարցրեց Ուհանես բիձեն:

— Սը՜վազ։

— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կերպով կրկնեց Ուհանես բիձեն։

— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա:

— Սըվա՜զ…