Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/606

Այս էջը հաստատված է

— Պա՛հ, քու տունը չքանդվի,— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։

— էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր հարց ու փորձը Ուհանես բիձեն։

— Երեք ամսվա…

— Պա հո՜...— միաբերան զարմացան ամենքը։

— Համեցե՛ք, ղարիբ ախպեր, նստի՛ր, հաց բերեն, հաց անուշ արա,— հրավիրեց նրան Ուհանես բիձեն։

— Չէ, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՛վ մի չափ ալյուր կծախի ինձ,— պնդեց նա։

— Ախչի մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ—գլուխ լցրեք։

Նրանցից մեկը, որին դիմեց Ուհանես բիձեն, մի չափ ալյուր դուրս բերեց և ուզեց դատարկի աշխատողի պարկի մեջը։

— Ի՞նչ արժե...— հարցրեց աշխատողը։

— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։

— Չէ՛, առաջ մի գինն իմանանք։

— Դեռ ածա,— շարունակեց Ուհանես բիձեն,— հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դատարկելը հեշտ ա։

Ուստեն իր տոպրակը բաց արավ, աղջիկը ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։

— Դե հիմի ինչ տամ,— հարցրեց ուստեն ծոցից քսակը հանելով։

— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, մենք ղարիբից հացի փող չենք առնիլ, մենք մեր բարիքը փողով չենք ծախում, քեզ փեշքեշ...– ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։

Ուստեն մի քիչ շփոթվեց ու թեև չեմ ու չում արավ, բայց քանի որ վռազ էր, մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց ու գնաց։

Ուստի գնալուց հետո մի րոպե լռություն տիրեց ապա խոսեց մի գյուղացի.

— էն օրը մինն էլ եկել ա՝ թե մածոն եմ ուզում։ Մեր աղջկերքը մածոն դրին առաջին, կերավ ու թե՝ ի՞նչ արժե...

— Ասում եմ՝ ի՞նչը...

— Թե՝ մածոնը:

— Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, մի կռկռա, թե չէ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի...

— Ի՞նչ եք զարմանում։ Բա քաղաքում մածոնը փողով չեն առնո՞ւմ։

— Թե փողով ա՝ մենք էլ փողով կծախենք, էլ չենք զարմանա։

— Տիրացու,— դիմեց ինձ Նեսո բիձեն, որ առաջինն էր հայտնաբերել երկրաչափերին։

— Ի՛նչ, Նեսո բիձա,— արձագանքեցի ես։

— Տեսա՞ր, որ ասում էի, թե էդ մաշինեն հենց գա, մեր մոտ ամեն ինչ կփոխվի, նրան ուտելու մածոն ես տվել՝ քիչ ա, հալա հարցնում ա՝ թե ի՞նչ արժե, ուզում եմ փողը տամ։