Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/657

Այս էջը հաստատված է

— Ի՛նչ բարի ես դու ծաղիկ,– ասավ Մժղուկը՝ ոտիկներով կնճիթը սրբելով։

— Բարին՝ բարի եմ, բայց, ափսո՛ս, ման գալ չեմ կարողանում,– գանգատվեց ծաղիկը։

— Բան չկա, էդպես էլ լավ է․․․ և բոլորն իմն Է․․․— հավատացնում էր Մժղուկը։

Բայց դեռ խոսքը բերանում՝ բռռացնելով եկավ բրդոտ բոռը։

— Բը՛ռռ․․․ ո՞վ է նստել իմ ծաղկի վրա․․․ բը՛ռռ․․․ ո՞վ է խմում իմ քաղցր հյութը, բը՛ռռ․․․ ա՛յ դու անպիտան Մժղուկ, կորի դենը․․․ Բը՛ռռ․․․ գնա՛ կորիր, քանի չեմ կծել․․․

— Սպասեցե՛ք, էս ի՞նչ բան է,— ծվծվաց Մժղուկը,– ախր չէ որ բոլորն իմն է։

— Բը՛ռռ․․․ չէ՛, իմն է»

Մժղուկը ոտները զոռով ազատեց կատաղի բոռից։ Նստեց խոտի վրա, լիզում էր ծաղկի հյութով թաթախված ոտիկներն ու բարկացած խոսում.

— Ինչ կոպիտ է այս բոռը, զարմանալի բան է․․․ դեռ ուզում էր կծի էլ։ Ախր չէ՞ որ բոլորն իմն է. արև՛ն էլ, խո՛տն էլ, ծաղի՛կն էլ։

— Ո՛չ, ներեցեք, իմն է,— խոսեց բրդոտ ճիճուն, որ բարձրանում էր խոտի ցողունի վրա։

Մժղուկը գլխի ընկավ, որ ճիճուն թռչել չգիտի և համարձակ ձայնը բարձրացրեց.

— Ներողություն բարեկամ, դուք սխալվում եք․․․ Ես չեմ խանգարում, որ դուք սողաք, դուք էլ ինձ հետ մի՛ վիճեք։

— Լա՛վ, լա՛վ, միայն թե մտիկ արա, իմ խոտին չդիպչես հա՜ ճշմարիտն ասած, ես այդպիսի բաներ չեմ սիրում․․․ Ձեզանից էստեղ էնքան թռչում են ո՜ր․․․ Դուք թեթևամիտ ժողովուրդ եք, իսկ ես՝ ծանր ճիճու եմ․․․ և պարզ խոսենք, չէ՞ որ բոլորն ինձ է պատկանում։ Ա՛յ, կբարձրանամ խոտի վրա՝ կուտեմ, ինչ ծաղկի վրա ուզենամ՝ կբարձրանամ, նույնպես կուտեմ։ Դե՛հ, հայդե, գնաս բարով։

II

Մի քանի ժամում մեր Մժղուկն ամեն բան իմացավ։ Իմացավ որ բացի արևից, կապույտ երկնքից և կանանչ խոտից կոպիտ բոռեր էլ կան, ծանր ճիճուներ էլ կան, զանազան փշեր էլ կան ծաղիկների վրա․․․ Մի խոսքով՝ ամեն բան իմացավ ու շատ նեղացավ։

Ախր նա համոզված էր, որ ամեն բան իրենն է և ստեղծված է իրեն համար, և հանկարծ ուրիշներն էլ նույնն են մտածում։

Չե՛ էս չեղավ։ Ի՞նչպես կարելի է։

Մժղուկն Էս տեղից թռչում Է հեռու և տեսնում Է՝ ջուր։

— Էս հո իմն Է ու իմը՜․․․ իմ ջո՜ւրը․․․ Ա՜խ, ինչ լավն Է՜․․․ Էստեղ խոտ Էլ կա, ծաղիկ Էլ կա։

Եվ ահա թռած գալիս են ուրիշ մժղուկներ Էլ։