Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/66

Այս էջը հաստատված է

եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։

Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…