— Չախչախ թագավորն ո՞վ է․․․
— էդ հետո կիմանաք՝ ով է. դեռ կոտը տվեք, տանենք, փողը չափենք։
— Լավ, կոտն ի՞նչ է որ, իրեն տվեք,— հրամայում է թագավորը։
Կոտն առնում է, բերում, ջաղացպանի աբասին կոտի ճեղքումն ամրացնում, ետ բերում, տալի թագավորին, շնորհակալություն է անում ու գնում։
Թագավորն ասում է՝ մի տեսնեմ սրանք ճշմարիտ փող են չափե՞լ, թե՞ չէ։ Կոտը թափ է տալի, զրնգալեն աբասին վեր է ընկնում։
— Հա՜, ախպեր, ճշմարիտ, որ արծաթ փող են չափել։ Սա էս ի՞նչ անհամարք փող ունի, որ կոտով է չափում, ա՜յ հարստություն․․․ — իրեն-իրեն զարմանում է թագավորը։
Մի[1] երկու օրից հետո աղվեսը ետ է գալի, թե՝ «Թագավորն ապրած կենա, իմ տերը՝ Չախչախ թագավորը, խնդրում է՝ ձեր կոտը տաք, հիմի էլ ոսկին պետք է չափի, չափենք, ետ կբերենք»։
Կոտը[2] տանում է. ջաղացպանին զարկում է, մի տեղից պարտքով մի ոսկի է ճարել տալի, կոտի արանքում ամրացնում ու ետ բերում տալի թագավորին։
— Վա՛հ,— ասում է,— մինչև չափեցինք, մերը մեզ հասավ, կոտորվեցինք։— Շնորհակալություն է անում[3], ետ գնում:
էս թագավորն ասում է.
— Տեսնեմ ճշմարիտ ոսկի են չափե՞լ, թե՞ չէ:
Թափ է տալի, կոտի ճեղքից ոսկին զրնգալով վեր է ընկնում:
— Վա՜հ, էս ի՞նչ բան է,— զարմանում, վեր է քաշվում:
Ում պատմում են, ամենքը զարմանում են[4]։
Եվ Չախչախ թագավորի հարստության համբավը պալատից դուրս է գալի, ընկնում աշխարհք, աշխարհքովը մին տարածվում: Բայց ոչով չի իմանում, թե որտեղ է ինքը, էդ Չախչախ թագավորը։
Սրանց էստեղ թողնենք զարմացած, մենք գնանք աղվեսի մոտ։
<ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ>
<․․․> նրանց առջևից ու հետևից՝ անհամար ձիավորներ:
Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։
— էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները:
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները:
Անց են կենում: Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։
— էս ու՞մն է,— հարցնում են ձիավորները: