Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/67

Այս էջը հաստատված է
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն

65