Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/68

Այս էջը հաստատված է

ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…