Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/69

Այս էջը հաստատված է
ԳԱԲՈ ԲԻՁՈՒ ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով։

— Հե՜յ, տիրացու,— ձայն տվավ նա։

― Համմե՛։

— Հրամանքդ շատ։ Ես տեսնում եմ, որ էս մեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են, դու սրան ի՞նչ կասես։

— Ինչո՞ւ, Գաբո բիձա։

— Նրա համար, որ հենց գիտեն՝ ամեն բան մենակ իրենք են հասկանում, իրանցից առաջ էլ ոչ մարդիկ են եղել, ոչ բան են հասկացել։ Մին էլ կտեսնես բռնեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացին․ հա՛ էս ճանճ պահի՛ր, էս աբրշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինի՛ր, էսպես ցանի՛ր, էսպես հնձի՛ր․․․ Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրու, տես՝ էդ բաները դրանք էլ միտք են արե՞լ, թե չէ, նրանից ետը՝ թեկուզ ուշունց տուր։

— Հետո մի՞տք եք արել որ, Գաբո բիձա։

— Ախպեր, ա՛յ, ես հիմի, օրինակի համար, մինն ասեմ, դու տես, մենք էլ հացակեր մարդիկ ենք, բան ենք հասկանո՞ւմ, թե չէ։ Մի աշունք մեր Դավոն գնաց քաղաքը խոզ ծախելու։ Մի ճանանչ մարդ աբրեշումի ճիճվի սերմ էր տվել, թե տարեք ձեր տեղը առաջ բերեք։ Ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց եղավ։ Գարունքը որ բաց էլավ, ոնց որ խրատ էր տվել՝ էս ճիճվի սերմը բերինք մեր խիզանի ծոցում դրինք, որ տաքանան, դուրս գան։ Դուրս եկան՝ ասեղի ծերի չափ մանր սև զատեր։

— Տիրացո՛ւ։

— Համմե՛։

67