Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/721

Այս էջը հաստատված է

ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ԵՐԿԵՐ



<ԽՐԱԽՈԻՍՈՂՆԵՐԸ>

(էջ 451)

Լավ չեմ հիշում՝ մի տոն օր էր, թե կիրակի։ Պարոն Կարապետը եկեղեցու բակում կանգնած խոսում էր։ Մի քանի հոգի էլ չորս կողմը կտրած լսում էին։

Ես որ մոտեցա, նա արդեն խոսում էր։

․․․ Քանի անգամ ասեցի՝ էդպես չի կարելի, էդպես չի կարելի․․․ լսողն ո՞վ է։ Ամենքն իրենց մի-մի Բիսմարկ են համարում․․․ Ունկնդիրները մտախոհ գլուխները կախ լսում էին։

— Իսկ քաղաքական աշխարհից ի՞նչ կասեք, պ. Կարապետ։

— Քաղաքական աշխարհքո՞ւմ․․․ նշանավոր դեպքեր են պատրաստվում․․․

Արտասանեց նա էնքան համոզիչ ու խորհրդավոր, որ կարծես թե հենց ինքը նոր պատրաստել էր ու լուրը բերել եկեղեցու բակը։

— Ասում են՝ Գերմանիան արդեն․․․

— Հիշո՞ւմ եք, որ ասում էի․․․ Ինչպես ասում էի, էնպես էլ դուրս եկավ․․․

Եվ ունկնդիրներին թվում էր, թե էդպես մի բան հիշում են։ էդ էն օրերում ես նոր էի հրատարակել իմ բանաստեղծությունների [առաջին] երրորդ գիրքը։

Պ. Կարապետը [շուռ եկավ ինձ] նկատեց ու դարձավ դեպի ինձ։

— Կարդացի․․․ ապրես․․․ շարունակի․․․

Ես շնորհակալություն արի ու հեռացա, խառնվեցի մոտիկ անցնող ծանոթներիս խմբակին։

էս խմբակի մեջն էր և բոլոր հայ գրողներին ու ազգային գործիչներին լավ ծանոթ <1 անրնթ.> ։

— Հը՞, Ի՞նչ է դուրս տալիս,— հարցրեց <1 անընթ.> ակնարկելով դեպի Կարապետը։

էս [սրանք] երկուսն [էլ] իրար չէին սիրում, թեև երկուսն էլ [սիրում էին] ազգային ու հասարակական [գործերը] գործիչներ էին։ [խոսել ու ծանոթանալ)

էդ օրը X-ն էլ իր կարծիքը հայտնեց իմ գրքի մասին, ասավ, որ իրենց տանը հետաքրքրվում են․․․