— Հը՞, գույնդ տեղը չի, եղբայր, պետք է ուտես, ուտես․․․
Ու հրավիրեց ճաշի, թե քյուֆթա ունենք:
Գնացինք, նստեցինք։ Ծանոթացրեց իրենց տընեցոնց հետ։ Նստեցինք թե չէ, իսկույն սկսեց.
— [Ախպեր] էսպես չի լինիլ, ոչ ոք չի մտածում, թե գրողն էլ ուտելով պետք է ապրի, որ գրի․․․ է՛հ, ի՜նչ ասեմ, ինչ ասեմ․․․
[Ճաշը բերին] էս բանը էնքան ծանր տպավորություն արավ ինձ վրա, որ լավ չեմ հիշում, թե ուրիշ ինչ եղավ։
Ճաշեցինք թե չէ, դեռ սեղանը չհավաքած <1 անընթ․> դիմեց ինձ.
— Հը՞, հիմի ո՞նց ես․․․
Ես չեմ հիշում ինչ պատասխանեցի, իսկ նա դարձավ կնոջը.
— Տեսնեմ՝ գույնը թռած, քիթը բռնես՝ հոգին կտա. ասում եմ՝ արի գնանք, տո ախպեր։
Կինն էլ թե՝ [փառք աստծո] շատ ուրախ ենք, շատ լավ ես արել․․․ Արուսյակն էլ ուրախացավ, ուզում էր ծանոթանա․․․
— Ես շոգին չեմ դիմանում, տիկին,— սկսեցի բացատրել ես․․․
— Չէ, դու ինձ լսիր, մեկ-մեկ արի մեզ մոտ ճաշին․․․ Պետք է ուտել էդպես չի լինիլ․․․ մարդո՛ւ ուժը կոկորդովն է ներս գնում․․․
Ես շնորհակալություն արի ու դուրս եկա։ Մտքումս դրի անպատճառ մեր տունը հրավիրեմ X-ին, մի լավ ճաշ տամ փոխարենը ու էլ երբեք չգնամ նրանց մոտ։
էդպես էլ արի։ Մի լավ քյուֆթա էլ պատրաստել տվի ճաշին։
X-ը եկավ։ Նախասենյակում դիմավորեցի։
— Չէ՛, [էն օրվանից] հիմի լավ ես․․․— բացականչեց նա,— էն օրվանից դեսը ռանգդ լավ է․․․
— Հա՛, լավ քյուֆթա էր, իսկապես․․․— ասացի ես։— Տեսնենք դուք էլ մեր քյուֆթեն կհավանեք, թե չէ։
Գլուխներդ ինչ ցավացնեմ։ Ինչքան էլ լավ ճաշ տվի ու քյուֆթեն էլ վրեն, X-ը վերջը իր վճիռն [էսպես] հայտնեց, թե նրան չի հասնիլ։
<ՄՐԱՓ ՊԱՊԻՆ>
(էջ 467)
Գաղթ<ական> երեխան քաղաքում, նոր շորեր են տվել ողորմություն․ իրիկունն եկել է, կուչ եկել, մտածում է, որ իր մոր մոտ լիներ, մայրը տեսներ, ու քնում է ու երազում մոր մոտ է։
Քունը եկավ նրա մոտ։
— Ես ամենի մոտ չեմ գնալ։ Այնպեսները [հարուստ] կան, օր ինձ շատ են կարոտում, բայց ես չեմ գնալ։ Նրանք՝ մեկն այնպես, մյուսն էնպես [եկ քեզ տանեմ]։
Թռցրեց, տարավ։
Մոր գերեզմանը։