Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/731

Այս էջը հաստատված է

նույն հասցեատիրոջը գրում է, որ ինքը «այնքան ռոմանների, բանաստեղծության նյութ» ունի, «որ թե ծովերը թանաք դառնան, անտառները գրիչ– չեն վերջացնիլ» (ն. տ., 93)։

Սակայն այդ տարիներին Թումանյանի արձակից համեմատաբար քիչ բան է հրապարակվել։ 1893 թ. «Մուրճ» ամսագրում տպագրվեց նրա առաջին պատմվածքը՝ «Սովի ժամանակից», իսկ հաջորդ տարի՝ «Հորիզոն» գրական ժողովածուի մեջ միանգամից չորս արձակ երկ՝ «Քաջերի կյանքից», «Աղքատի պատիվը», «Լեռների հովիվը» պատմվածքները և «Բորչալվում» ուղեգրական մեծ ակնարկը, որի մեջ հրապարակախոսական և գեղարվեստական տարրերը երբեմն սերտորեն զուգակցվում են։ Մինչև դարի վերջը Թումանյանը տպագրում է ևս մի քանի արձակ գործ՝ «Անխելք մարդը» հեքիաթը, «Եղջերուի մահը» և «Խորհրդավոր ծերունին» արձակ բանաստեղծությունները, «Արջաորս», «Գաբո բիձա շերամապահությունը», «Նախօրեին» պատմվածքները (վերջինս «Երկաթուղու շինությունը» պատմվածքի նախնական տարբերակն էր սկզբնապես տպագրված ռուսերեն թարգմանությամբ)։ Տասնամյակի կեսերին գրված «Գիքորը» այդ ժամանակ չտպագրվեց։

Սակայն քանակով շատ ավելին են մեծ մասամբ անավարտ ու սևագիր մնացած արձակ երկերը, որոնք մտահղացվել են 90-ական թվականներին։ Թումանյանի կենդանության ժամանակ դրանք մնացել են անտիպ, թեև մի քանիսը հիմնականում ավարտուն տեսք ունեն։ Միայն գրությունից ավելի քան կես դար անց՝ բանաստեղծի երկերի աոաջին գիտական հրատարակության 3-րդ հատորում (1949) այդ նյութերի մեծ մասը հրապարակվեց «Սևագրություններ և ֆրագմենտներ» ընդհանուր վերնագրի տակ («Մանր ֆելիետոններ և պատմվածքներ», «Հեքիաթներ», «Դրամատիկական ֆրագմենտներ» և «Թարգմանություններ» ենթաբաժիններով)։ Մի շարք այլ նյութեր (մասնավորապես՝ «Դեպի հայրենիք» վեպի հատվածները) հրապարակվեցին 60-ական թթ. «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարի 1-ին և 2-րդ հատորներում, ինչպես և Ա. Ինճիկյանի «Հովհաննես Թումանյան» գրքում։ Վերջապես, մի քանի հատվածներ էլ առաջին անգամ լույս են տեսնում ներկա հատորի մեջ։

Այդ բազմազան նյութերը, միասին վերցրած, հիմք են տալիս ասելու, որ 90-ական թվականներին, մանավանդ իր բանաստեղծական երկու ժողովածուները հրապարակելուց հետո, Թումանյանը արձակ երկերի շատ ծրագրեր է ունեցել և մտադիր է եղել իր ուժերի ու ժամանակի մի


Ա. Ինճիկյանը հետագայում պնդել է, թե ակնարկն, ըստ երևույթին, վերաբերում է «Դեպի հայրենիք» անավարտ վեպին (տե՛ս Ա. Ինճիկյան, 303-304)։ Առաջին կարծիքն ավելի ճիշտ է թվում. «Սովի ժամանակից» պատմվածքն իր բովանդակությամբ լիովին կարող էր կոչվել նաև «Գյուղացու ձախորդությունը»։