Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/734

Այս էջը հաստատված է

ազատաբաղձ անհատի պայքարն ու տառապանքը իրական կյանքի կաշկանդիչ պայմաններում։ Առհասարակ պետք է նկատել, որ այս շրջանի արձակ և դրամատիկական երկերի միջև շատ ընդհանրություններ կան։ Դա հետևանք է ոչ միայն նրանք կենսական աղբյուրների ու մտահղացման սերտ կապերի, այլև տակավին չտարորոշված վիճակի։ Դա երևում է նաև նրանից, որ դրամատիկական հատվածներում երկխոսական ձևը դեռ մինչև վերջ մշակված չէ, և արձակի ու դրամայի սահմանները հեշտությամբ տեղաշարժվում են։

Այսպիսով, թեև երիտասարդ Թումանյանի արձակ մտահղացումների մեծ մասը տարբեր պատճառներով չիրականացավ, բայց նրանք անպայման դրական դեր խաղացին կյանքի գեղարվեստական ճանաչողության և վարպետության յուրացման ընթացքի մեջ։

Նոր դարի սկզբին Թումանյանը մի քանի տարի ասեք «մոռացության է մատնում» գեղարվեստական արձակը։ Մի բավական երկարատև ընդմիջումից հետո՝ 1907 թ․, սկսվում է նրա արձակ ստեղծագործության երկրորդ շրջանը, որը տևեց մոտ մեկ տասնամյակ։ Արձակին վերադառնալուն նպաստեց երկու հանգամանք՝ նախ՝ «Հասկեր» մանկական ամսագրի հրատարակությունը, որի առաջատար աշխատակիցն էր Թումանյանը, և ապա՝ «Լուսաբեր» դասագրքերի տպագրությունը, որոնց կազմողներից մեկն էր նա՝ Լ. Շանթի և Ստ. Լիսիցյանի հետ միասին։ Ահա հիմնականում այդ հրատարակությունների, ինչպես նաև «Հորիզոն» օրաթերթի էջերում է, որ 1907—1914 թթ. առաջին անգամ երևան եկան Թումանյանի նոր արձակ երկերը։ «Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, «Հորիզոն» գրական հանդեսի երկրորդ հատորի համար, որի հրատարակությունը, սակայն, չհաջողվեց։ Տարիներ անց տպագրության հանձնելով իր վաղեմի ստեղծագործությունը, Թումանյանն, անշուշտ լրջորեն վերամշակել է այն, սակայն կատարված փոփոխությունների ճիշտ պատկերը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ոչ մի ձեռագիր մեզ չի հասել։ Մինչև 1914 թ. երևան եկան նաև տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» և այլն։

Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաև շուրջ երկու տասնյակ հեքիաթ, որոնց շարքում են «Քաջ Նազարն» ու «Չախչախ թագավորը», «Բարեկենդանը» և «Կիկոսի մահը», «Տերն ու ծառան» և «Ոսկու կարասը», «Խելոքն ու հիմարը» և «Եդեմական ծաղիկը», «Սուտլիկ որսկանը» և հայ հեքիաթագրության ուրիշ հոյակապ օրինակներ։ 1908—1916 թթ. բանաստեղծը մեծ աշխատանք կատարեց նաև օտար հեքիաթների թարգմանության ուղղությամբ։ Թումանյանը թարգմանել, ավելի ճիշտ՝ հայացրել է ավելի քան քսան հեքիաթ, որոնց վրա վառ կերպով, երևում է նրա ազգային և անհատական անկրկնելի ոճի կնիքը։ Թումանյանի փոխագրած երկերի մեջ կան գերմանական տաս, ռուսական երեք, երկուական իտալական, հնդկական և ճապոնական, մեկական իռլանդական և արաբական հեքիաթներ։ Բացի պարբերական մամուլում և